Գյումրիում 5 մեքենաներ են բախվել. վարորդներից 1-ը մահացել է, տուժածներից 3-ը փրկարարներ են
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 5 մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով վարորդներից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 10։10-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել են «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։
6 անձ, այդ թվում՝ 3 փրկարարական ծառայող, տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
ՀՀ առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի:
«Տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել»,- ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Sputnik Արմենիա