«Զինապահ» հիմնադրամը 7 տարի և 3 ամսում ֆինանսական հատուցում է տրամադրել 5491 զինծառայողի
Հայաստանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2025 թթ. 113,6 մլրդ դրամի չափով ֆինանսական հատուցում է տրամադրել 5491 զինծառայողի և նրանց ընտանիքի անդամներին` մոտ 14 000 ընդհանուր թվով: Հիմնադրամի ղեկավար Կարինե Սարգսյանը այս մասին հայտնեց տարեկան հաշվետու ասուլիսի ժամանակ։
«2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ միայն 9 դեպք է արձանագրվել։ Եթե համեմատական կարգով նշեմ, ապա, դժբախտաբար, 2024 թվականի առաջին եռամսյակում 147 դեպք ենք ունեցել, և դրանք հիմնականում Արցախի 2023 թվականի սեպտեմբերյան էսկալացիայի դեպքերն էին»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` մինչ օրս «Զինապահի» միջոցները կազմել են 237 մլրդ դրամ, որից 197 մլրդ դրամը պարտադիր դրոշմանիշային վճարներից է, 28 մլրդ դրամը` ակտիվների կառավարումից, իսկ 13 մլրդ դրամն էլ հիմնադրամը նվիրատուներից է ստացել։
Հիմնադրամի եկամուտները 2024 թվականի ավարտին աճել են 11 տոկոսով։
Հիշեցնենք՝ հիմնադրամը 2017-2024 թթ. 91,5 մլրդ դրամի ֆինանսական հատուցում էր տրամադրել 5345 զինծառայողի և նրանց ընտանիքի անդամներին` 12.500 ընդհանուր թվով: 2023 թվականին ՀՀ քաղաքացիների պարտադիր դրոշմանիշային վճարումներից հիմնադրամ էր մուտքագրվել 150 մլրդ դրամ, ակտիվների կառավարումից՝ 18 մլրդ դրամ, իսկ 9,4 մլրդ դրամ՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում կատարված նվիրատվություններից։
Sputnik Արմենիա