Յուրի ԿՈՏԵՆՈԿ․ ԱՐՑԱԽՆ ԸՆԴՄԻՇՏ ՄՆԱՑ ԻՄ ՍՐՏՈՒՄ
Երևանի Ռուսական տանը կայացավ հայտնի ռուսաստանցի ռազմական թղթակից Յուրի Կոտենոկի գրքի շնորհանդեսը։
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն ԱԹՍ-ի հարվածը Յուրի Կոտենոկի կյանքը փոխել է ոչ թե հարյուր, այլ երկու հարյուր տոկոսով։ Այս խոստովանությունը ռազմական թղթակիցն արեց իր «Վերապրողը․ հատուկ գործողությունների տարեգրությունը՝ Բամուտից մինչև Բախմուտ» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսի ժամանակ։ Արցախը նրա առաջին գործուղումը չէր դեպի թեժ կետեր, բայց իր ստեղծագործական ուղու մասին պատմությունը սկսել է հենց 44-օրյա պատերազմից, որին առանձնապես չի էլ հասցրել ներկա գտնվել։
«Ես երևի միակ օտարերկրացի լրագրողն էի, որը մտա Լեռնային Ղարաբաղ, բայց ինքնուրույն նույնիսկ մինչև Ստեփանակերտ չկարողացա հասնել»,-հիշում է Կոտենոկը։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին նա իր ռուսաստանցի հայ գործընկեր լրագրողների՝ Լևոն Արզանովի և Հրանտ Բալադյանովի հետ առաջնագիծ գնալիս որոշում են նկարահանել Շուշիի եկեղեցու վրա օդային հարձակման հետևանքները։ Կոտենոկը տաճարի ներսում էր, երբ գմբեթի վրա կրկին հայտնվում է անօդաչու թռչող սարքը։ Վիրավոր ռազմական թղթակցին առաջինը օգնության են հասել «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողները՝ Արման Սաղաթելյանի գլխավորությամբ։ Նրանք Կոտենոկին նստեցրել են մեքենան, որի ղեկին եղել է Սամվել սարկավագ Մկրտչյանը և անհավանական արագությամբ հասցրել է Ստեփանակերտի հիվանդանոց։ Հիշելով այդ րոպեները՝ Մկրտչյանը պատմեց, որ ուշադիր լսում էր Յուրիի աղոթքները հին սլավոներենով։
«Ես եկա, որովհետև տեսա, որ հայ մարտիկները խաչ են կրում։ Համազգեստի վրա խաչեր էին։ Արցախն ընդմիշտ մնաց իմ սրտում։ Չնայած 20 բեկոր եմ ստացել և մարմնիս մեջ մինչև օրս երկաթե թիթեղներ կան, ես պատրաստ եմ նորից մեկնել այնտեղ՝ ճակատագրի կանչով»,-ասում է Կոտենոկը։
Երևանում բուժվելու օրերին նրա կյանքում անհավանական իրադարձություն է տեղի ունեցել․ մի անգամ նրա հիվանդանոցային պալատ է եկել մի գեղեցիկ կին, անկեղծ հիացմունք հայտնել և մի շիշ հայկական կոնյակ է նվիրել՝ «Շուշիում վերապրածին՝ ի սրտե բոլոր հայերից» ռուսերեն գրությամբ։
Դրանից հետ նրանց միջև նամակագրություն է սկսվել։ Երիտասարդ կինը նույնիսկ երգ է նվիրել Յուրիին, իսկ վերջինս մեկնելուց մեկ տարի հետո վերադարձել է Հայաստան՝ նրան տանելու։ Հիմա Յուրին ու Ալիսան երկու երեխա ունեն՝ Իվանն ու Մարյան։ Նրանք ծնվել են Երևանում, Հայաստանը նրանց համար հայրենիք է։ Ուստի պատահական չէ, որ Ռուսաստանում հրատարակված գրքի առաջին շնորհանդեսը Երևանում է անցկացվում։
«Ուզում եմ, որ Ռուսական տներն ավելի շատ լինեն և ոչ միայն Երևանում, այլև հենց Ռուսաստանում»,-նշում է Կոտենոկը։
Ռազմական թղթակիցը համոզված է, որ ներկա սերունդն իրավունք չունի թողնել ու լքել նախնիների տաճարներն ու գերեզմանները։ Դրա համար անպայման պատիժ է լինելու: Եթե տաճարները վերածվում են գոմի՝ դա պարտվածների պատիժն է: Երբ կորցնում ես հայրենիքի մի մասը, կորցնում ես նաև ապագայի մի կտորը։ Նա հավատում է հայոց վերածնունդին և վերադարձին։
«Պետք է ազատվել պարտվողի բարդույթից: Քրիստոնեության մեջ այդպիսի երևույթ կա՝ радение` նվիրում։ Մերձավորի համար կյանքը տալու պատրաստակամություն: Հաղթելու համար պետք է փորձել։ Մենք հանդիպում ենք Զատկի օրերին, և զուր չէ ասվում. «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց»,-հիշեցնում է ռազմական թղթակիցը:
Կոտենոկը պատմել է, որ գրքում նկարագրվում է նաև, թե ինչպես է ինքն անցել Չեչնիան, Օսեթիան, Սիրիան, հատուկ ռազմական գործողությունը: Ասում է, որ տարիների ընթացքում, հազարավոր մարդկանց տեսնելուց հետո ֆիզիոնոմիստ է դարձել և կարող է պատմել մարդկային բնույթների մասին:
Կոտենոկն ինքը ծնվել է Լվովում, բայց արմատներով Դոնեցկից է: Պապը հանքափոր էր։ Մարտական դիրքերում գտնվող թոռներին ու նրանց պապերին, որոնք կռվել են անցյալում, շնորհանդեսի վերջում իր երգը նվիրեց հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանը: