Քուրթուլմուշ․ Անկարան հիասթափված է Կիպրոսի մասին Կենտրոնական Ասիայի 5 երկրների որոշումից
Թուրքիան հիասթափված է միջինասիական հինգ երկրների՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողովից հետո միայն Կիպրոսի Հունական Հանրապետության գոյությունը լեգիտիմ ճանաչելու որոշումից։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
Ապրիլի սկզբին Սամարղանդում կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովի արդյունքներով եզրափակիչ հռչակագիր ընդունվեց, որի տեքստում նշվում էր, որ կողմերը հանձնառու են հարգել պետությունների տարածքային ամբողջականությունը և, մասնավորապես, հետևում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1983 թվականի 541 և 1984 թվականի 550 բանաձևերին: Երկու բանաձևերն էլ դատապարտում են այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» հռչակումը և Թուրքիայի հետ դեսպանների փոխանակումը, կղզում միակ օրինական ներկայացուցիչ է ճանաչվում Կիպրոսի հունական Հանրապետությունը: Գագաթնաժողովը նախագահել է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը, դրան մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահները։
Ղրղզստան կատարած այցի ընթացքում Քուրթուլմուշը մեկնաբանել է իրավիճակը թուրքականtv100 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա թուրք առաջին պաշտոնյաներից մեկն է, որը գնահատական տվեց այս ճգնաժամին։
«Ղրղզստանը և Ուզբեկստանը դեսպանատներ չունեն Կիպրոսում, այլ երկրների դեպքում այդ աշխատանքը կատարում են հարևան երկրներոմ գտնվող դեսպանները։ Թուրքիան իսկապես նման քայլի չէր սպասում, մենք ուժեղ հիասթափություն ենք ապրել», – հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։
Քուրթուլմուշը նշել է, որ այս թեման քննարկել է իր ղրղըզ գործընկերների, այդ թվում՝ նախագահի հետ։
Նրա խոսքով՝ Անկարան սպասում է քայլերի, որոնք կփոխհատուցեն Կիպրոսի վերաբերյալ վերոնշյալ հայտարարությունը։
«Մենք հայտարարել ենք, որ Թուրքիան ձեզ չի ասում` ինչպես կառուցել հարաբերություններ երրորդ երկրների հետ, բայց մենք՝ որպես ձեր եղբայրներ, լրջորեն մտահոգված ենք դրանով և կարծում ենք, որ պետք է քայլեր ձեռնարկվեն տեղի ունեցածը փոխհատուցելու համար», - ասել է Քուրթուլմուշը։
Մասնավորապես, ինչպես կարծում է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը, այս երկրները կարող էին ներկայացուցչություն բացել «Հյուսիսային Կիպրոսում» կամ այլ երկրներում դեսպաններին հավատարմագրել որպես չճանաչված հանրապետությունում դեսպաններ։ Հնարավոր է նաև մշակութային ծրագրերի զարգացում։
«Նրանք կարող են ձեռնարկել քայլեր, որոնք, թեկուզև ոչ պաշտոնական մակարդակով, սակայն կարող են արտահայտել թուրքական քաղաքական ինքնությունը», – նշել է նա։
Քուրթուլմուշը հավելել է, որ թեման քննարկել է նախորդ շաբաթ և՛ Ուզբեկստանի, և՛ Ղազախստանի խորհրդարանների խոսնակների հետ, սակայն պայմանով, որ լրատվամիջոցները ներկա չեն լինելու։
Ըստ խոսնակի` գործընկերները «ֆանտաստիկ դրական» արձագանք են ցուցաբերել, և Անկարան ակնկալում է, որ հինգ երկրները մոտ ապագայում քայլեր կձեռնարկեն՝ գագաթնաժողովում արված գործողությունները «փոխհատուցելու» համար։
Նա կոչ է արել զերծ մնալ ենթադրություններից, թե հինգ երկրները «վաճառել» են Թուրքիային և «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» ԵՄ-ի կողմից խոստացված ներդրումների դիմաց, քանի որ նման գաղափարները սեպ են խրում թյուրքալեզու երկրների միջև։
Կիպրոսը փաստացի բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև 1974 թվականից՝ Թուրքիայի զինված ներխուժումից հետո, որը տեղի ունեցավ Կիպրոսում պետական հեղաշրջման և Հունաստանին կղզու միացման փորձի հետևանքով։ Կղզու տարածքի 37%-ը, որտեղ 1983 թվականին հռչակվեց այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», հայտնվեց օկուպացված վիճակում։ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» ճանաչեց միայն Թուրքիան։
Sputnik Արմենիա