Պետական աշխատողներին պարտադրում են մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» արշավին
ՀՀ պետական գերատեսչությունների աշխատակիցներին, թաղապետարանների և համայնքապետարանների ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներին նախապես հրահանգվում է ցուցակագրվել և մասնակցել ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» արշավին, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ գերատեսչության աղբյուրների՝ աշխատակիցներին սպառնում են հակառակ դեպքում աշխատանքից հեռացնել։
«Գերատեսչության աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հիմնարկում երեկ քննարկել են և եկել այն եզրակացության, որ Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում»,- նշել է թերթը:
Ըստ լրատվականի՝ մի քանի բուհ ավարտած երկարամյա պետծառայողները պարտադրված գնում են, որ աշխատանքից չզրկվեն, բայց չեն կիսում իշխանության գաղափարները և քաղաքականությունը։
2024 թվականի դեկտեմբերի 6-ին թերթը գրել էր, որ խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը։ Ըստ թերթի՝ այս հանգամանքով է պայմանավորված Հակոբյանի գերակտիվությունը․ նա կառավարությունում աշխատասենյակ, աշխատակազմ, փիառ թիմ ունի, տեղական, միջազգային հյուրեր է ընդունում և չունենալով պաշտոն՝ ինքն է որոշում պետության կադրային քաղաքականությունը։ Հունվարի 31-ին Փաշինյանը Armenia Today-ին ասել էր, որ Հակոբյանը ՔՊ անդամ չէ և նման մտադրություն չկա։
Armenia Today