Դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին թույլատրել Արտուշ Գաբրիելյանին զրկել ազատությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր՝ ապրիլի 30-ին չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին իր նկատմամբ հարուցված քրեական վարույթին, որով ինքը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ:
«Թողեք իմ պաշտպանների հետ երկու բառ խոսել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իրեն համարում են Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորը և շատերին է կալանքի տարել, չի՞ զղջում դրա համար, նա արձագանքեց. «Թողեք ավարտվի, հետո կասեմ՝ ինչ պետք է»:
Նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ այս պահին նիստն ընդմիջվել է լրացուցիչ նյութեր տրամադրելու հետ կապված: Գլխավոր դատախազն է եկել և տեղակալը:
Մյուս պաշտպանը՝ Ալեքսանր Կոչուբևն էլ հավելեց. «Այս պահին մեկնաբանություն չենք տալիս, մենք դեռ միջնորդությունների քննությունը չենք ավարտել, ավարտելուց հետո խոստանում եմ հանգամանալից բոլոր հարցերին կպատասխանեմ։ Մեկ միջնորդություն դատախազը ներկայացրել է:
Իրականում մենք ինքներս նոր ենք ծանոթանում միջնորդությանը, սա դասական կալանավորման նիստ չէ կամ դասական քրեադատավարական պրոցեդուրա չէ, մենք ինքներս միայն նոր ենք տեղեկանում, թե մեղադրանքի էությունը ինչն է, հիմնավորված է, հիմնավորված չէ: Կալանք կլինի, թե չլինի, սա երկրորդ կողմն է, մենք ընդամենը ընդմիջումը հիմա հայտարարվել է գլխավոր դատախազի կողմից մեզ պարզաբանելու, թե ինչի մեջ է կասկածվել, հա, ինչի է սկսվել հետապնդումը և այլն: Այսինքն այս պահին մենք ինքներս չգիտենք, որպեսզի կարողանանք պարզաբանել, իսկ մամուլում այն ինչ որ շրջանառվում է, մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել՝ֆիզիկապես ծանոթ չլինելով»:
Նա տեղեկացրեց, որ ներկայացված է և քրեական հետապնդում հարուցելու և կալանքի միջնորդություններ: Սկզբում կքննվի քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունրը, ու եթե դա մերժվի, ավտոմատ կմերժվի նաև երկրորդ միջնորդությունը:
Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։
Ավելի ուշ Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կատարվել են քննչական գործողություններ և այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»: