Նոր Նորքի թաղապետարանում միջադեպի առնչությամբ 6 անձ է ձերբակալվել
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 6 անձ է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ այս պահին նրանց նկատմամբ կազմվում են փաստաթղթեր՝ նախաքննական մարմին փոխանցելու համար։
Ապրիլի 30-ին հայտնի էր դարձել, որ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք և վեճ էր տեղի ունեցել։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի այլ անձ, որոնք, ենթադրաբար, թաղապետարանի աշխատակիցներն են, ըստ ԶԼՄ-ներում առկա տեսանյութերի, հայհոյել ու հարվածել էին ակտիվիստ Արթուր Չախոյանին:
Վերջինս Ֆեյսբուք սոցիալական ցանցում ապրիլի 29-ին գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով: Նա ցանկացել էր թաղապետի հետ քննարկել իր բնակության վայրի հարևանությամբ 18 հարկանի բնակելի շենք կառուցելու անթույլատրելիությունը։ Չախոյանին ասվել էր, որ հանդիպումը հնարավոր է միայն առանց տեսախցիկների, ինչին ակտիվիստը համաձայնել էր։ Այնուհետև սկսվել էր ծեծկռտուքը:
Չախոյանը հրավիրվել էր ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք, այնտեղից շտապօգնությամբ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: