Իսրայելը հարված է հասցրել Սիրիային․ դրուզներով բնակեցված շրջաններում բախումներ են

Սիրիայում առնվազն 22 մարդ Է զոհվել Դամասկոսի շրջանի Սահնայա բնակավայրում տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Syrian Observatory for Human Rights մոնիթորինգային կենտրոնին:

Կենտրոնի տվյալներով՝ զոհվածների թվում են 6 դրուզներ և Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի 16 ներկայացուցիչներ կամ նրանց հետ կապված զինյալներ:

Դրուզների և սուննիների միջև բախումներն սկսվել էին ապրիլի 29-ին Դամասկոսի շրջանի հիմնականում դրուզներով բնակեցված Ջարամանա քաղաքում ՝ ավելի ուշ տարածվելով դեպի Սահնայա: Ապրիլի 29-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել էր 13 մարդ:

Ապրիլի 30-ին Իսրայելը հայտարարել էր, որ իր զինվորականները «նախազգուշական գործողություն են իրականացրել և հարված են հասցրել ծայրահեղական խմբավորմանը», որը պատրաստվում էր շարունակել հարձակումը դրուզների վրա Սահնայում:

Սիրիայի ՆԳՆ աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ իսրայելական անօդաչուները հարվածներ են հասցրել Սահնայում կառավարական անվտանգության ուժերին, ինչի հետևանքով զոհվել է նրանց աշխատակիցներից մեկը: Գործակալությունը նշել է, որ մարտին Իսրայելի կառավարությունը հաստատել էր սիրիական դրուզներին պաշտպանելու իր խոստումը՝ Սիրիայի արևմուտքում ալավիների վրա մի շարք հարձակումներից հետո:

Ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ղեկավար Էյալ Զամիրը հրամայել է իսրայելցի զինվորականներին նախապատրաստվել հարվածներ հասցնել Սիրիայի նոր իշխանություններին պատկանող օբյեկտներին, եթե դրուզների համայնքի նկատմամբ բռնությունը շարունակվի:

Armenia Today