3.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱԽՍԵԼ ԵՆ, ՀԱՍԿԱՑԵԼ` ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է
Էկոնոմիկայի նախարարության նոր առաջարկը
Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագիրը դադարեցնելու որոշման նախագիծը հանրային քննարկմանն է դրված մինչև մայիսի 8-ը։ Դրանից հետո այն, ամենայն հավանականությամբ, կներկայացվի արդեն կառավարության դատին։
Տնտեսությունն արդիականացնելու համար ՀՀ կառավարությունը 2020թ-ի մարտի 26-ին որոշում էր կայացրել սուբսիդավորել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավող տնտեսվարողներին։
Ծրագրի գործողության ընթացքում` մինչև 2024թ–ի հոկտեմբերը, ծրագրի շահառու մասնագետներին վճարվել է 3.8 մլրդ դրամ։
Բայց պարզվում է` ծրագիրն ու ծախսված գումարները նպատակին չեն ծառայել, ամեն ինչ արվել է թերացումներով, մասնագետներն էլ դեռ հայտնի չէ, թե որքանով են եղել «բարձր որակավորում ունեցող»։ Իսկ ամենազավեշտալին այն է, որ կասկած հայտնողը հենց ծրագրի պատասխանատու պետական գերատեսչությունն է` էկոնոմիկայի նախարարությունը։
3.8 մլրդ դրամ` անհայտ որակավորմամբ մասնագետներին` անարդյունավետ ծրագրի դիմաց
Հանրային քննարկման դրված նոր նախագծով նախարարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել 5 տարի առաջ ընդունած «բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագիրը»։
Որպես հիմնավորում նշվում է, որ ծրագրի շահառու տնտեսավարողների փաստաթղթերը էկոնոմիկայի նախարարությանը փոխանցվել են առանց հանձնման-ընդունման ակտի, փոխանցված փաթեթներում առկա են թերի փաստաթղթեր։
Բացի այդ, ծրագրի իրականացման միայն 5-րդ տարում են նախարարությունում հայտնաբերել, որ թե՛ ծրագրում, թե՛ տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերում բացակայում է բարձր որակավորում ունեցող մասնագետների ճանաչման դրույթը։ Այլ կերպ ասած` հստակեցված չէ, թե ովքեր կարող էին համարվել «բարձր որակավորում ունեցող մասնագետներ» և հետևաբար, իրավունք ունենային օգտվել պետության ֆինանսավորումից։
Էկոնոմիկայի նախարարության աչքին կասկածելի է թվացել նաև այն հանգամանքը, որ «որոշ աշխատանքային պայմանագրերի պատճենահանված էջեր ունեցել են տարբեր տառատեսակներ»։
Հատկանշական մի փաստ ևս. այսօր ծրագրի նկատմամբ կասկածներ ներկայացնող պետական գերատեսչությունը մի ամբողջ տարի ինքն է զբաղվել այդ նույն ծրագրի իրականացմամբ։
Բանն այն է, որ 2023 թվականին և 2024թ–ի հունվար–փետրվարին (ծրագրի կատարումը սկսվել է այդ ժամանակ) ծրագիրն իրականացրել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը», իսկ կենտրոնի լուծարումից հետո` 2024թ–ի փետրվար-հոկտեմբեր ամիսներին` էկոնոմիկայի նախարարությունը։
Ընդ որում, ծրագրի ֆինանսավորման 3.8 մլրդ դրամից 1.8 մլրդը տրամադրվել է հենց նախարարության պատասխանատվության ժամանակահատվածում։
Էկոնոմիկայի նախարարությունը` որպես ծրագիրը փակելու հիմնավորում մեկ այլ վիճակագրություն էլ է ներկայացնում, ըստ որի ծրագրի ընթացքում շահառու կազմակերպություններում բարձր որակավորում ունեցող մասնագետների թիվը 211–ից նվազել է 159-ի։
«Սա նշանակում է, որ նույնիսկ պետական աջակցության պայմաններում ընկերությունը չի կարողանում պահել աշխատատեղերը, ինչը փաստում է ծրագրի անարդյունավետությունը... Եթե սուբսիդավորումը շարունակվի, պետությունը կարող է ուղղակիորեն աջակցել մի ընկերության, որը շարունակական կրճատումների փուլում է և երկարաժամկետ հեռանկարում չի ապահովելու կայուն զբաղվածություն, ինչը տնտեսության արդիականացման համատեքստում էական արդյունքներ չի գրանցելու»,– ասված է նախարարության հիմնավորման մեջ։
Պատասխանատուներին պետք է գտնել և պատասխանատվության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած կասկածների ու հիմնավորումների շուրջ Sputnik Արմենիային զրուցեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, «Աուդիտորների պալատ» ՀԿ նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։
Նա չբացառեց, որ ներկայացված բացահայտումների տակ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր, որոնք գուցե հաստատվեն հետագա քննության արդյունքում։ «Ծրագիրն ի սկզբանե եղել է անարդյունավետ, դրա ներդրման համար պատասխանատու անձանց պետք է գտնել, անձնավորել հետագայում պատասխանատվության ենթարկելու համար»,– ասաց մեր զրուցակիցը։ Նա չի բացառում, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակահատվածում ընդունված ծրագրում ներգրավվել են դրսից եկած գումարներ, իսկ արդեն ծրագրի իրականացման ժամանակահատվածում գործել է դրանց հետ վերադարձի` аткат-ի մեխանիզմը։
Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ` ծրագրի պատասխանատուները թերացել են ոչ միայն դրա մշակման փուլում, այլև ընթացիկ վերահսկողության։
«Ծրագրի իրականացման յուրաքանչյուր եռամսյակը պետք է աուդիտի ենթարկվեր և կատարողականի վերահսկողություն իրականացներ, որը կտար շատ կարևոր հարցի պատասխանը` տվյալ կազմակերպությունը շարժվո՞ւմ է ըստ մարտավարության, թե՞ ոչ, կարո՞ղ է զարգացում ապահովել, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ռիսկերի կառավարման տեսանկյունից շատ ավելի վաղ պետք է դադարեցվեր ծրագրի ֆինանսավորումը։ Դա չեն արել, սպասել են վերջնականապես ամեն ինչ գնացել է բացասական ելքով, արդեն էլ ֆինանսավորման տեղ էլ չկա, ամեն ինչ ավարտվել է, նոր որոշում են փակել ծրագիրը»,– արձանագրեց Սարգսյանը` չբացառելով, որ ծրագրի փակումը կարող է ուղեկցվել նաև քաղաքական ձերբակալություններով, որի արդյունքում իշխանությունը նաև որոշակի քաղաքական դիվիդենտներ կստանա։
Ինչ վերաբերում է ծրագրում ներգրավված մասնագետների որակավորմանը, Նաիրի Սարգսյանի համոզմամբ, տնտեսության արդիականացման հարցում գիտական աստիճանակարգումը պետք է երկրորդ տեղ մղվեր, և առաջնությունը տրվեր գործնական մասնագիտական հմտություններին, ինչը, փաստորեն, ևս չի արվել։
Աուդիտորների պալատի նախագահը պատահական չի համարում նաև ծրագրի ընդունման ժամանակահատվածը, երբ հեղափոխությամբ իշխանության եկած ուժը փորձում էր հանրությանը ներկայանալ տնտեսությունն արդիականացնելու և այդ նպատակով բարձրակարգ մասնագետներ ներգրավելու ծրագրերով։
Նշենք, որ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագիրը դադարեցնելու որոշման նախագիծը հանրային քննարկմանն է ներկայացվել մինչև մայիսի 8-ը։ Դրանից հետո այն, ամենայն հավանականությամբ, կներկայացվի արդեն կառավարության դատին։
Նելլի ԴԱՆԻԵԼՅԱՆ, Sputnik Արմենիա