Ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին և 3–րդ կետերով (խուլիգանություն)։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Վահե Եփրիկյանը։
«Իրավական ֆարսը շարունակվում է։ Ակնհայտ հանցագործության համար անձինք ո՛չ կանչվել են, ո՛չ վերջիններիս հետ կոնկրետ քննչական – դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է»,–նշել է պաշտպանը։
Նա նշել է, որ այսպիսով փորձ է արվում կոծկել Նոր Նորքի թաղապետի ու թաղապետարանի աշխատակիցների գործողությունները` դրանք բարդելով քաղաքացիական ակցիա իրականացնող աձի վրա։ Վերջինս, ըստ պաշտպանի, այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն հոդվածով։
Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Տեր–Մարգարյանը հայտարարել էր՝ ինքը բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց, նաև տղա է, ու ինչ արել՝ ճիշտ է արել։
Sputnik Արմենիա