4-ժամյա անընդմեջ կրակահերթեր Խնածախի ուղղությամբ․ պատգամավորն ահազանգում է
Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4 ժամ անընդմեջ կրակահերթեր է արձակել Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից: Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Եթե մյուս հատվածներում` Արավուս, Խոզնավար կամ Ջերմուկ, կրակոցներն ավանդական գրաֆիկով է եղել` երեկոյան 22.30-ից մինչև 04.30, 2 ժամը մեկ ու կարճ կրակահերթեր, ապա Խնածախի ադրբեջանական դիրքերից առավելագույնը 5 րոպե դադարով կրակահերթեր են եղել»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Պատգամավորն ընդգծել է` կրակահերթերը եղել է ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանական դիրքերից:
«Որքան էլ իշխանությունը պնդի, որ կրակահերթերը հիմնականում անկանոն բնույթ ունեն, սակայն հայկական բնակավայրերի` առաջնագծին մոտ գտնվելը բավականին լարված և վտանգավոր իրադրություն է ստեղծում և´ մեր դիրքերի, և´ սահմանամերձ գյուղերի համար»,- նշել է Աբրահամյանը։
Հիշեցնենք` մարտի 31-ին, ադրբեջանական կրակոցների հետևանքով Խնածախում բնակելի տուն էր վնասվել, իսկ ապրիլի 13-ին արձակած կրակոցների հետևանքով` գյուղի մշակույթի տունը։
Sputnik Արմենիա