«Իր պատմությունը մոռացած ժողովուրդն ապագա չունի»․ «Հիշողության պուրակ» ակցիան՝ Գյումրիում

Գյումրիում կայացել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված «Հիշողության պուրակ» միջազգային ակցիան: Այս մասին հայտնում է Գյումրիի Ռուսական տան մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ արարողությանը ներկա են եղել Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարական կազմի ներկայացուցիչները` ռազմակայանի հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովի գլխավորությամբ, ինչպես նաև դպրոցականներ և ուսանողներ:

«Նման ակցիաները պարզապես տուրք չեն անցյալին։ Սա հիշեցում է երիտասարդների համար` հիշողությունը պետք է պահպանել։ Այսօր, երբ փորձում են վերաշարադրել պատմությունը, նման միջոցառումներն առավել քան երբևէ կարևոր են դառնում»,-ասել է Տիտովը։

Իր հերթին բազայի հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովը հայտարարել է, որ գարնան և աշխատանքի այս օրը հատկապես կարևոր է ասել, որ իր պատմությունը մոռացած ժողովուրդն ապագա չունի:

Ակցիայի մասնակիցները ծառեր են տնկել ռուսական 102-րդ ռազմակայանին կից մանկապարտեզի տարածքում։

Գյումրիի ռուսական տան կրթական և երիտասարդական ծրագրերի համակարգող Մարիաննա Աբրեյանը նշել է, որ այս ակցիան վկայում է խաղաղության և համերաշխության ձգտման մասին:

«Թող այս պուրակը լինի լռության, մտորումների և երախտագիտության վայր: Հիշողությունը միայն անցյալի մասին չէ: Դա մեր այսօրվա ընտրությունն է»,-ասել է նա։

Ավելի վաղ «Հիշողության պուրակ» միջազգային ակցիան անցկացվել էր Երևանում։ Միջոցառման շրջանակներում Հաղթանակի զբոսայգու Փառքի ծառուղում տնկվել է 80 ծառ` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի պատվին։

Sputnik Արմենիա