Իրանի ԱԳՆ-ն հաստատել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլի ամսաթվի հետաձգումը
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի հետաձգման մասին։ Ի սկզբանե այն նախատեսված էր մայիսի 3-ին:
Ավելի վաղ Axios պարբերականը, հղում անելով երեք իրազեկ աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է տեղի ունենար շաբաթ օրը Հռոմում, հավանաբար կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ:
«ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամանակի փոփոխության մասին, դրանք պետք է տեղի ունենային Հռոմում շաբաթ օրը՝ մայիսի 3-ին»,-ասված է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, որ բանակցությունների հետաձգման նախաձեռնողը Օմանի կողմն է, իսկ Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր ամսաթվի մասին տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ:
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Օմանում: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Իրանի և վեց երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: 2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից, այդ թվում՝ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումից։
Sputnik Արմենիա