Մամիջանյան․ Իմպիչմենտը համարում ենք իշխանափոխության լավագույն գործիքը

«Ես Գյումրիից միայն երեկ եմ վերադարձել, ուստի խմբակցության նիստ դեռ չի հրավիրվել, և Էդգար Ղազարյանի ու Նարեկ Մալյանի նամակը դեռ չենք քննարկել», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ նամակը կարդացել է միայն այսօր։ Նրա խոսքով՝ խմբակցության ամբողջական դիրքորոշումը կհայտարարվի առաջիկա օրերին։

«Կարծում եմ՝ և՛ ես, և՛ մեր մյուս պատգամավորները բազմիցս հայտնել ենք, որ իմպիչմենտը համարում ենք իշխանափոխության լավագույն և ամենաիրատեսական գործիքը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այս պահին թեկնածու չունի, սակայն պատրաստ է առանց որևէ անառողջ ամբիցիայի մասնակցել թեկնածուի հարցով քննարկումներին, ինչպես արել ենք անցած 7 տարիների ընթացքում։ Ավելի ամբողջական դիրքորոշումը կներկայացնենք խմբակցության նիստից հետո», – ասել է Մամիջանյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե իմպիչմենտի գործընթացը պահանջում է նաև 20 ՔՊ-ական պատգամավորի ստորագրություն, ինչն այս պահին անհասանելի է թվում, Մամիջանյանը արձագանքել է

«Ցանկացած գործողություն պլանավորելիս անհրաժեշտ է այնպես մշակել քայլերը, որ դրանք լինեն մաքսիմալ արդյունավետ ու մոտեցնեն նպատակին։ Բայց եթե գործընթացը բարդ է, նշանակում է՝ չպե՞տք է սկսել։ Այս «իրատեսական է – իրատեսական չէ» դիսկուրսը ինձ համար անհասկանալի է։ Պետք է հնարավորինս լավ պլանավորել, արդյունավետ իրականացնել, և 100%-ով դա չի ստացվի միայն այն դեպքում, եթե ոչինչ չանես»։

Հարցին, թե արդյոք «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստվում է ստանձնել իմպիչմենտի նախաձեռնության պատասխանատվությունը, Մամիջանյանը պատասխանել է.

«Այս հարցին կտանք հստակ պատասխան խմբակցության նիստից հետո, քանի որ այն կոլեգիալ մարմին է։ Բայց ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ մեր համար իմպիչմենտը գոյություն ունեցող գործիքներից լավագույնն է։ Մենք պատրաստ ենք զրո ամբիցիայով քննարկել թեկնածուի հարցը բոլոր իրական ընդդիմադիրների, առաջին հերթին՝ մեր խորհրդարանական գործընկերների հետ»։