Առանց «Արցախ» անվանման իմաստ չէր ունենա. երաժիշտները՝ մայիսի 5-ին կայանալիք համերգի մասին
Արցախից տեղափոխվելուց հետո «Արցախ» կամերային նվագախումբն առաջին անգամ համերգ կտա Հայաստանում:
Կոլեկտիվը հիմնադրվել է 2004 թվականին, Արցախում։
Հիմա նվագախումբը բարեգործական կամ սոցիալական նախագիծ չէ, այլ մշակութային հավակնոտ նախաձեռնություն, որի նպատակն է պահպանել Արցախ տեղանունը և այն միջազգային ասպարեզում առաջ մղել:
«Եթե չլիներ այդ անվանումը, իմաստ չէր ունենա վերակենդանացնել նվագախումբը։ Հայաստանում նվագախմբերի պակաս չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նվագախմբի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ ժամանակի ընթացքում յուրաքանչյուրը կցանկանա աջակցել նվագախմբին:
«Գրեթե վստահ եմ, որ օրը կգա, մարդիկ իրենց պատիվ կհամարեն օգտակար լինել «Արցախ» նվագախմբին»,–ասաց Պապյանը։
Համերգին կմասնակցի նաև աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որն ընդգծեց, որ իր պարտքն է համարում լինել երաժշտական կոլեկտիվի կողքին:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր լուման ներդնի։ Գաղափարը թավջութակահար Նարեկ Հախնազարյանինն է՝ նա հրավիրեց, և ես անմիջապես համաձայնեցի, - ասաց Խաչատրյանը։
Հախնազարյանի խոսքով՝ նվագախմբի գլխավոր խնդիրը ֆինանսականն է։ «Արցախ» անվանումը բարդացնում է հովանավորներ գտնելը։
«Ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որտեղ հայը չի կարող Արցախի մասին խոսել հանգիստ ու հպարտ։ Հայաստանում կան կազմակերպություններ և ֆինանսական կառույցներ, որոնց մենք նույնիսկ չենք դիմել. գիտենք, որ անվան պատճառով մեզ կմերժեն»։
«Արցախ» նվագախմբի համերգը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը 19:30-ին, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար հանդես կգա Սերգեյ Խաչատրյանը (ջութակ): Ծրագրում ներառված են՝ Բելլա Բարտոկ («Ռումինական ժողովրդական պարեր»), Ալեքսանդր Հարությունյան (Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար), Էդվարդ Միրզոյան («Շուշանիկ»), Դմիտրի Շոստակովիչ (կամերային սիմֆոնիա Դո մինոր, օպուս 110ա):
Ներկայում նվագախումբը բաղկացած է 25 երաժիշտներից։
Sputnik Արմենիա