Հայաստանը տարածաշրջանում առաջինն է դեֆիբրիլյատորներ տեղադրել հասարակական վայրերում

Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է դարձել, որը սկսել է ավտոմատացված դեֆիբրիլյատորներ տեղադրել փողոցում շտապ օգնություն ցուցաբերելու համար: Շարժական սարքերով 20 ստենդ արդեն տեղադրվել է Երևանի կենտրոնում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Անահիտ Չարխիֆալակյանը։

«Պաշտպանված սրտով քաղաք» ծրագրի նպատակն է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահվան դեպքերը, գաղափարը ծագել է 2024 թվականի հոկտեմբերին։ Դրա իրականացման համար բանակցություններ են անցկացվել HENAR հիմնադրամի, բարերար Նուբար Աֆեյանի, Philips Foundation-ի հետ։

Քաղաքապետարանը նախատեսում է առաջիկայում դեֆիբրիլյատորների թիվը հասցնել 50-ի, սարքերը կտեղադրվեն փողոցներում, այգիներում և մարդաշատ հասարակական վայրերում:

Չարխիֆալակյանը բացատրեց, որ սարքերին հասանելիություն կունենան միայն կամավորները, որոնք հատուկ պատրաստության դասընթաց անցնելուց հետո կմիանան հատուկ բջջային հավելվածին և կապ կստանան «Շտապօգնություն» ՓԲԸ-ի կարգավարական ծառայության հետ:

Սխեման հետևյալն է. «Շտապօգնությունը» օգնության ազդանշան է ստանում, կամավորը անմիջապես ծանուցում է ստանում հեռախոսին, նա շտապում է մոտակա դեֆիբրիլյատորի մոտ, որպեսզի պատրաստ լինի կիրառել այն:

«Մենք արդեն 500 վերապատրաստված մասնագետ ունենք, ծրագրի մասնակից կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք, քանի որ դրա համար հատուկ բժշկական կրթություն չի պահանջվում»,-պարզաբանեց նա:

Չարխիֆալակյանը նշեց, որ վերահսկողությունն իրականացնում է «Շտապօգնությունը», իսկ սարքը կիրառվում է միայն անհրաժեշտության դեպքում, քանի որ դրանք նախատեսված են անհետաձգելի իրավիճակներում շտապ օգնություն ցուցաբերելու համար և բառացիորեն կարող են կյանքեր փրկել մինչև բժշկական բրիգադների ժամանումը:

«Կարդիոլաբ» բժշկական կենտրոնի տնօրեն Տաթևիկ Հովակիմյանը նախաձեռնությունը արդիական է համարում, քանի որ սրտի կանգից հանկարծակի մահը հաճախակի երևույթ է:

«Ապացուցված է, որ ավտոմատացված դեֆիբրիլյատորների օգտագործումը կարող է կյանքեր փրկել։ Մենք հեծանիվ չենք հորինում, այլ կիրառում ենք զարգացած երկրների լավագույն փորձը»,-Sputnik Արմենիային ասաց նա։

Հաճախ սրտի կանգից 4-5 րոպե անց բժշկական օգնությունն արդեն ուշացած է լինում, քանի որ տեղի է ունենում ուղեղի մահ։ Ուստի արագ արձագանքումն այս առումով մեծ նշանակություն ունի։

Հովակիմյանը կարևորում է մասնագետների պատրաստումը և առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունները բնակչության ավելի լայն շերտերին հասցնելը: