Ադրբեջանցի պատգամավորին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին ձերբակալել են Մոսկվայում և հետ ուղարկել Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանական պատվիրակությունը Մոսկվայով մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Պատվիրակության կազմում ընդգրկված Ազեր Բադամովը ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում, և նրան թույլ չեն տվել նստել Աստրախան թռչող ինքնաթիռ: Բադամովին հայտնել են, որ նրա մուտքը ՌԴ արգելված է։

Ենթադրվում է, որ Բադամովը «սև ցուցակում» է հայտնվել, երբ վիրավորական խոսքեր է հնչեցրել «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին։

Պատգամավորի հետ կատարվածին արդեն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Գերատեսչությունը հայտարարել է, որ ռուսական կողմն առանց որևէ նախազգուշացման է ձերբակալել Բադամովին։

«ՌԴ ԱԳՆ-ի հետ անմիջապես կապ է հաստատվել Ռուսաստանում մեր դեսպանատան միջոցով, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հարցը հետաքննվելու է, սակայն բացատրություն չի տվել այդ որոշման պատճառների վերաբերյալ: Ռուսական կողմի այս որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ, ակնկալում ենք Ռուսաստանից պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին ներառել էր այն անձանց ցուցակում, որոնց մուտքն արգելված է երկրի տարածք: Վալուևը, ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի` Բաքվում ռուսական տան գործունեությունը դադարեցնելու որոշման, առաջարկել էր փակել Ռուսաստանում գործող ադրբեջանական կազմակերպությունները, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսը և այլ միջոցներ ձեռնարկել:

Sputnik Արմենիա