Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԻՄ ԿՌԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար է: Այս մասին Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Եթե այդ ընթացքում նախաձեռնություն ցուցաբերեր ցանկացած քաղաքական ուժի ղեկավար կամ Հայաստանում կշիռ ունեցող մարդ, նկատի ունեմ քաղաքական կշիռ, ոչ թե ֆիզիկական, ես անպայման կհանդիպեի։ Երբեք չեմ խորշել հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարող էին օգտակար լինել կամ օգտակար չլինել»,- նշել է երրորդ նախագահը։

Ինչո՞ւ Ռադիոտուն ներխուժած Փաշինյանը չձերբակալվեց

Տեսակետներ են տարածվում, թե այսօրվա կառավարչին պատրաստել ենք, որ 2018-ին իշխանություն հանձնենք, որ նա էլ 2019-ին վերադարձնի մեզ, սա ուղղակի աբսուրդ միտք է ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանին նաև հարցրել են, թե ինչու ժամանակին Փաշինյանը համաներմամբ ազատ արձակվեց. «Համաներումը անձնական ակտ չէ, դրա համար էլ կոչվում է համաներում։ 2008-ից հետո Հայաստանում թշնամության պակաս չկար, հասարակությունը համերաշխ չէր։ Հասարակական համերաշխությունն ազգային անվտանգությունն ապահովող ամենակարևոր հանգամանքն է։ Համաներման ժամանակ չէինք ասելու՝ սա, սա, սա, բացի կոնկրետ մարդուց»։

Հարցին՝ ինչու 2018թ.-ին չձերբակալվեց, ապա կալանավորվեց Հանրային ռադիոյի շենք ներխուժած Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այդ ժամանակահատվածում չէինք գնահատում, որ փողոցում կան այնքան մարդիկ, որոնք զորու են իշխանափոխություն իրականացնել, որովհետև եթե շատ կոշտ միջոցների ես գնում, փողոցում մարդկանց քանակն ավելանում է: 2016-ին Սասնա ծռերը գրավեցին ՊՊԾ գունդը, շատերը խորհուրդ էին տալիս, մեծ ուժ գործադրել ու ավարտել պատմությունը։ Ես ասում էի՝ ինչպես եք պատկերացնում 30-ից ավելի դիակներից հետո հասարակության վիճակը։ Ես ասում էի, ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան երկրի ապագան։ Կամաց-կամաց հարցը լուծվեց ու մեղավորները ստացան արժանի պատիժ։ Հետահայաց կարելի է ասել, եթե այսպես անեիք, ամեն ինչ լավ կլիներ»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև երկրորդ նախագահի հետ փոխհարաբերություններին. «Ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում: Չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները 100 տոկոսով ամեն ինչում համաձայն են իրար հետ։ Իհարկե, տարբեր հարցերում կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, դա գործին օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է, դա էլ խնդիր է, բայց նորից եմ ասում՝ արդար կլիներ ձեր կողմից, հարցը հնչեցնել նաև երկրորդ նախագահին»։

Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ

Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ, - Այս մասին Հայկական համալսարանի ուկնկդիրների և դասախոսների հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կաներ, եթե գնար Արցախ:

Նշենք, որ հանդիպման զրույցի թեմատիկ ընդգրկումը ներառել է Արցախյան առաջին հաղթական պատերազմի տարիներին բանակաշինությանը, պետականաշինությանը, իրականացված մոբիլիզացիային և հաջորդող տարիների պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր։

News.am-ի նյութերով