Հրաչ ՊՈՂՈՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆԸ ՉԷ
Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանի հետ, ով մի քանի ամիս առաջ նշեց իր 90-ամյակը, հանդիպեցինք ու զրուցեցինք նրա տանը։ «Երևանն իմ ծննդավայրն է, ես դրա համար էլ սիրում եմ։ Ես տեսել եմ Երևանը որպես ավելի գավառական քաղաք, որը Ալեքսանդր Թամանյանը, Նիկողայոս Բունիաթյանը, Նիկոլայ Բաևը, Սամվել Սաֆարյանն ու Մարկ Գրիգորյանը փորձում էին դարձնել ավելի եվրոպական քաղաք։ Տեսել եմ նաև մայրաքաղաքի զարգացումը՝ բարձրահարկերով, մոդեռնիստական կառույցներով»,- ասում է վաստակաշատ ճարտարապետը։ Ալեքսանդր Թամանյանից մինչև սովետական երկրի փլուզումը Հայաստանի ճարտարապետության «ոսկե դար»-ն էր: Հիմա ինչքան էլ ուզում են փչացնեն, փչացնեն, բայց միևնույն է անգամ անտաղանդ կառուցապատումը վերջնական չի փչացնում։
Հիմա Երևանը նմանվել է մի փոքրիկ մանուկի, որի գլուխն այնքան մեծ է, որ ի վիճակի չէ ուսերի վրա պահել: Շրջաններն անտարբերության են մատնված: Ճարտարապետությունը սկսվում է քաղաքաշինությունից, ինչի մասին այսօր որևէ մեկը չի հիշում։ Քաղաքաշինությունն էլ իր փուլերը ունի։
Երկրաշարժից և անկախության հռչակումից հետո խառը ժամանակներ էին։ Այդ ժամանակ դեռ «Հայպետնախագծում» էի։ Հավաքվեցինք ճարտարապետների մի խմբով, գիտակցելով, որ նորընտիր կառավարությունը շատ հարցերում, մեղմ ասած, անտեղյակ է, հիմա էլ չգիտի, բայց դե այն ժամանակ հույս ունեինք, որ մի բան կկարողանանք հասկացնել։ Հեղինակային խմբով, որն, ի դեպ Նարեկ Սարգսյանն էր ղեկավարում, նախագիծ արեցինք, որի նպատակն էր պարզաբանել հանրապետության բոլոր ասպեկտները՝ արդյունաբերություն, ճանապարհային ցանցեր, գյուղատնտեսական տարածքներ, մի խոսքով բոլոր ոլորտները ընդգրկելով, քանի որ այդ ամենը չիմանալով, չհստակեցնելով չես կարող պատկերացում ունենալ, թե Երևանը ինչ զարգացում կունենա։ Նախագիծը կառավարությունը հաստատաեց, անգամ պետական մրցանակի արժանացավ, հետո դրեցին դարակն ու մոռացան։
Հյուսիսային պողոտան մեր քաղաքի դժբախտություններից ամենափոքրն է
Նարեկ Սարգսյանը երբ դարձավ գլխավոր ճարտարապետ, հետո էլ Պետշինի նախագահ, Հյուսիսային Պողոտայի նախագիծն էլ բնականաբար վերցրեց ու սկսեց անել։ Էդ տեսակ խոշոր նախագիծը հասկանալի է, որ համեղ պատառ էր։ Ճիշտ է, տարբեր ճարտարապետների էլ վերցրեց, այդ թվում Գուրգեն Մուշեղյանին, նաև ինձ։ Մենք էլ մեկական շենք նախագծեցինք։ Բայց ընդհանուր առմամբ կոնցեպտուալ քննարկում, ընդհանուր որոշում չեղավ, յուրաքանչյուրը, կարծես, իր շենքի պատասխանատուն դարձավ։ Բոլորին էլ պարզ է, որ առաջին հերթին սա պատվիրատուի նյութական շահ հետապնդող նախագիծ էր։ Վերջի վերջո, եղավ այն, ինչ եղավ։ Բայց ասեմ, որ ես այդքան էլ վատ չեմ նայում Հյուսիսային Պողոտային, որովհետև առաջին հարկեր մարդիկ անմիջական մուտք ունեն՝ խանութներ, սրճարաններ, իսկ վերև չեն էլ նայում, թե շենքը լավնա, թե լավը չէ։ Իսկ ինչ վերաբերում է, որ ծառեր չկան, դե իհարկե պետք է նախատեսեին, բայց քանի որ պողոտան հյուսիս-հարավ ուղղվածություն ունի, առավոտները մի կողմից է ստվեր, երեկոյան էլ հակառակ կողմից։ Այնպես որ, արևից հիմնականում անցորդները պաշտպանված են։ Դե ինչ ասեմ, մարդիկ, ի վերջո, ամեն ինչին էլ սովորում են։ Ի դեպ, ժամանակին, երբ մրցույթ էր հայտարարվել իմ, Արթուր Թարխանյանի ու Սպարտակ Խաչիկյանի և մեր նախագիծը գրավեց երկրորդ տեղը։ Առաջին տեղը տվեցին Գուրգեն Մուշեղյանի ղեկավարած խմբի նախագծին։
Հյուսիսային պողոտան մեր դժբախտություններից ամենափոքրն է։ Շատ ավելի վատ բաներ կան Երևանում։ Օրինակ այն, որ քաղաքը չունի գլխավոր ճարտարապետ, որ որևէ բան չի քննարկվում և ով ինչ ցանկանում, էն էլ անում է։
Արթուր Թարխանյանի ու Սպարտակ Խաչիկյանի համահեղինակությամբ նախագծել եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Ռոսիա» կինոթատրոնի, Երիտասարդական պալատի կառույցները։
Երիտասարդական պալատը, կամ ինչպես երևանցիները ասում են Կուկուռուզնիկը, որ քանդեցին, չեմ կարող ասել, թե ինչ եմ ես զգացել։ Մինչև օրս այդ կողմով անցնելիս չեմ նայում, որ դատարկությունը չտեսնեմ… «Ռոսիա» կինոթատրոնի շենքը կա, բայց իրականում, խանութներով շրջափակված միջավայրով,կարելի է ասել այլանդակված է․․․ Դա ողբերգություն է ճարտարապետի համար։
Գաֆեսչյանը մի կողմից իրեն վատ պահեց, բայց մի կողմից էլ առանց նրա ոչինչ չէր ստացվի
Գաֆեսչյանը երբ մասնավորեցրեց Կասկադն ու շինարարություն սկսեց, այդ տարածքը սարսափելի վիճակում էր։ Իհարկե, Գաֆեսչյանը մի կողմից իրեն վատ պահեց, որ Ջիմ Պետրովիչին, որը մեծ ցանկություն ուներ մասնակցելու, օգնելու նոր շինարարությանը, բառիս բուն իմաստով, մոտ չթողեց։ Ի դեպ, Ջիմը սա շատ ծանր տարավ։ Բայց մյուս կողմից էլ, եթե Գաֆեսչյանը չլիներ, իր սեփական գումարները չներդներ, ոչինչ չէր ստացվի։ Անշահախնդիր գործ արեց, իր կոլեկցիան էլ բերեց, սարքեց թանգարան ու հայտնի, խնամված մի վայր բնակիչների ու զբոսաշրջիկների համար։ Այսօր ինչ գույնի մարդ ասես, որ չես տեսնի Կասկադում։
Բայց այն, ինչ էսօր ուզում են անեն, այն նոր նախագծերը, որ քննարկում են արդեն անհասկանալի է։ Իրենց շահի համա՞ր են անում…Կասկադը մեր քաղաքի ճարտարապետական լավագույն կոթողներից է, ու նման ձևով վերաբերվել չի կարելի։ Հարգելով Ջիմ Թորոսյանի ու Սարգիս Գուրզադյանի վաստակը պետք է հենց իրենց նախագծով էլ ավարտի հասցնեն, ոչ թե նոր նախագծերի հետևից ընկնեն։
Նամակ ենք գրել քաղաքապետարան, բայց պատասխան չկա։ Գաֆեսչյանը չկա, քաղաքը գլխավոր ճարտարապետ չունի, քաղաքապետին էլ թվումա, որ ինքը աշխարհի քաղաքապետնա…
Ում դիմես, չգիտես։ Չգիտեմ, լավ բան չեն անում։
Ադամից ու Եվայից հետո երրորդ մարդը ճարտարապետն էր
Ծնողներս դերասաններ էին և ցանկանում էին, որ ես ռեժիսոր դառնամ: Եղբայրս, ի դեպ, հայտնի կինոօպերատոր Լաերտ Պողոսյանն է: Սակայն ընտրեցի ճարտարապետի մասնագիտությունը։ Մոտ քառասուն տարի աշխատել եմ «Հայպետնախագիծ» ինստիտուտում, վերջին տարիներին ղեկավարել ինստիտուտը։ Կինս՝ Իզան, նույնպես ճարտարապետ է, երկու երեխա, թոռներ ու ծոռներ ունենք։ Տղաս՝ Տիգրանը ու թոռս՝ Գրիգորը ևս ճարտարապետ են։
Դեռ դասավանդում եմ ու իմ ուսանողներին կատակով ասում, որ ճարտարապետությունը Աստծո արվեստ է։ Երբ Աստված ստեղծեց Երկիր մոլորակը ծառ, ծաղիկ և այլն, և այլն, տեսավ մարդիկ անպաշտպան են, մտածեց, որ պետք է մեկին ստեղծել, ով արևից ու անձրևից նրանց կպաշտպանի։ Այնպես որ, Ադամից ու Եվայից հետո երրորդ մարդը ճարտարապետն էր։
Ճարտարապետությունը երկար արվեստ է։ Քարից ու բետոնից է սարքվում։ Ճարտարապետները մահանում են, ղեկավարները փոխվում են, իսկ ճարտարապետությունը՝ մնում։ Որոշումները ընդունելը շատ բարդ է, շատ։ Էն ինչ մենք նախագծում ենք, մնում է մեզանից հետո և այսօր որոշել, թե լավ ես արել, ճիշտ ես արել, թե սխալ շատ դժվար է։ Ժամանակն է որոշում։
Ռուզաննա Մկրտչյան
Լուսանկար՝ Արսեն Սարգսյանի