Իրանի ԱԳՆ․ Հռոմում հանդիպման հետաձգումից հետո Իրանը պատրաստ է հանդիպել «եվրաեռյակի» հետ
Իրանը պատրաստակամություն է հայտնել միջուկային ծրագրի շուրջ հանդիպում անցկացնել «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հետ՝ չնայած նախկինում նախատեսված բանակցությունների հետաձգմանը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։
Նրա խոսքով՝ Հռոմում քաղաքական տնօրենների հանդիպումը պետք է կայանար մայիսի 2-ին, սակայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ հետաձգվել է:
«Մենք պատրաստ ենք երկխոսության, պետք է միայն համաձայնեցնել նոր ամսաթիվը», - նշել է Բաղաին այսօր կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ Օմանի ԱԳ նախարար Բադր Ալ Բուսաիդին հայտնել էր լոգիստիկ դժվարությունների պատճառով Իրանի և ԱՄՆ-ի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների փուլի հետաձգման մասին: Դրանից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Իրանի հանդիպումը «եվրաեռյակի» հետ, որը նույնպես նախատեսված էր նույն շաբաթ, չեղյալ է հայտարարվել:
Իրանի և վեց երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային գործարքը կնքվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց պատժամիջոցների վերացում։ 2018 թվականին ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել իր պարտավորություններից՝ ներառյալ միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման սահմանափակումները:
Sputnik Արմենիա