Մանուկյանն առաջարկում է առանց ատեստավորման բարձրացնել զինվորականների աշխատավարձերը
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն առաջարկում է առանց ատեստավորման բարձրացնել զինվորականնդրի աշխատավարձերը։
Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում նա հայտարարեց, որ ատեստավորումը մի շարք պատճառներով լուրջ խնդիր է դարձել: Նրա խոսքով՝ բանակային ծառայության ծանր փորձությունների ու դժվարությունների միջով անցած, թիկունքում մեծ փորձ ունեցող զինվորականները չպետք է ատեստավորում անցնեն: Նրա խոսքով՝ վերջերս միջոցառումներից մեկի ժամանակ կարճ զրույց է ունեցել «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շահառու մի զինծառայողի հետ:
Պատգամավորի գնահատմամբ՝ իր առջև գրագետ ու պատրաստված հրետանավոր է կանգնած եղել, բայց սրտի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել ֆիզպատրաստության ատեստավորում հանձնել, արդյունքում համեմատաբար փոքր աշխատավարձ է ստանում: Պատգամավորը դա սխալ մոտեցում է համարում, որը պետք է շտկել։
Նիստին ներկա պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չհամաձայնեց, որ ատեստավորում պետք չէ: Նրա խոսքով՝ այն նախատեսված է զինվորականների մոտիվացիան և որակավորումը բարձրացնելու ձգտման համար։
Մարտին պաշտպանութան նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարել էր, որ նախորդ տարի ատեստավորմանը մասնակցել է 13,5 հազար զինծառայող, որոնց 57 տոկոսը դրական գնահատականներ է ստացել։ նա հայտնել էր, որ ատեստավորման արդյունքում զինծառայողների դրամական բավարարման ընդհանուր չափը 205 հազարից հասել է 470 հազար դրամի։
Sputnik Արմենիա