Խարդախության զոհերը պահանջում են չեղարկել իրենց վարկերը. ակցիա Հայաստանի ԿԲ-ի մոտ

Ֆինանսական խարդախությունների զոհերը ՀՀ կենտրոնական բանկի մոտ այսօր բողոքի ակցիա անցկացրին՝ պահանջելով չեղարկել իրենց վարկերը։ Ակցիայի մասնակիցներից «Հանրային վերահսկողություն» ՀԿ–ի ղեկավար Մհեր Ղարագյոզյանը կանգնեց ԿԲ դռների մոտ` մի քանի րոպե փակելով ելումուտը:

Ղարագյոզյանը հիշեցրեց, որ խաբված վարկատուներն ու ավանդատուներն ավելի քան երկու ամիս առաջ նույնպիսի ակցիա էին անցկացրել նաև ՀՀ դատախազության մոտ, և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրանց հարցը բարձրացրել էր խորհրդարանում: Դրանից հետո, ըստ նրա, մինչ այս պահը որևէ տեղաշարժ չի եղել, հարցին լուծում չի ստացվել։

Նա համաձայն չէ ՀՀ կենտրոնական բանկի այն հայտարարությունների հետ, թե շատ դեպքերում քաղաքացիները խարդախության զոհ են դառնում՝ կասկածելի հղումներով անցնելով, լրացնելով իրենց անձնական տվյալները առցանց վարկային հայտերում: Այս տվյալներն օգտագործելով` խարդախներն այնուհետև ձևակերպում են իրական վարկեր` այլ անձանց անուններով։

Ղարագյոզյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ երկրի իշխանությունները հայտնաբերեն և արգելափակեն նման կայքերը, իսկ խարդախների կողմից ձևակերպված վարկերը չեղարկեն:

Ակցիայի մասնակից քաղաքացիներից ոմանք նշեցին, որ իրենց անունով մինչև 2-3 մլն դրամի վարկեր են վերցվել։ Բանկերը չեն համաձայնել չեղարկել վարկի մայր գումարը՝ հայտարարելով, որ այն արդեն տրվել է և պետք է վերադարձնել բանկին։

Ղարագյոզյանը և մյուս խաբված քաղաքացիներ ԿԲ–ի մոտից գնացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Հիշեցնենք, որ շուրջ 100 քաղաքացիներ մեկ տարի շարունակ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում` հայտարարելով, որ դարձել են կիբեռհանցագործության և զեղծարարության զոհ։

Նրանք ակցիաներ են անցկացրել ՀՀ կառավարության, ինչպես նաև առևտրային մի շարք բանկերի մոտ` նշելով, որ բանկերի բացթողումների, խոցելիության պատճառով իրենք չպետք է ֆինանսական վնասներ կրեն։

Sputnik Արմենիա