Բելառուսը մտադիր է Ադրբեջանի հետ համատեղ ռազմական արտադրանք թողարկել

Բելառուսը մտադիր է առաջիկայում Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի հետ համատեղ արտադրանք թողարկել, հայտարարել է Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Բելառուսի ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ կրում է ռազմավարական բնույթ և հայտնի է իր վաղեմի պատմությամբ, ուստի մենք շարունակում ենք պլանային և համակարգված աշխատել»,- նշել է Պանտուսը:

Նրա խոսքով՝ այժմ կողմերը քննարկում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության կազմակերպման համատեղ նախագծերը բելառուսական մշակումներով, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում:

2024 թվականի հունիսին Politico-ն գրել էր, որ Բելառուսը 2018-2022 թվականներին առաջադեմ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, ինչը Բաքվին առավելություն է տվել Հայաստանի հետ ռազմական կոնֆլիկտում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի հունիսի 13-ին պահանջել էր Բելառուսի նախագահից ներողություն խնդրել՝ Ադրբեջանին 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցելու համար։ Փաշինյանն ասել էր, որ ինքը «երբեք չի գնա Բելառուս», քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն մնում է նրա նախագահը։ Նույն օրը Բելառուսում Հայաստանի դեսպանին կանչել էին Երևան՝ խորհրդակցությունների, նույն նպատակով Բելառուսը հետ էր կանչել Հայաստանում իր դեսպանին։ Հայաստանի դեսպանը մինչև օրս չի վերադարձել Մինսկ:

Բելառուսի նախագահն ապրիլի 17-ին աշխատանքից ազատել էր Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։

Armenia Today