ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ «ԻՄ ԱՆՏԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՏՆԿԵՑԻՆ 300 ԾԱՌ

Ապրիլի 19-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրվան ընդառաջ, «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում Արդշինբանկի աշխատակիցները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացած ծառատունկին, որի ընթացքում տնկվել է շուրջ 300 ծառ։

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության փորձառու մասնագետների ղեկավարությամբ իրականացված նախաձեռնությունը խորհրդանշորեն միավորեց շրջակա միջավայրի պաշտպանության շուրջ խնդիրները և երկու կազմակերպությունների թիմային աշխատանքը՝ հանուն կենսաբազմազանության պահպանման և Հայաստանի կայուն ապագայի։

Արդշինբանկից, մեկնաբանելով միջոցառումը, նշեցին «Արդշինբանկը հավատարիմ է պատասխանատու բանկային գործունեության սկզբունքներին և կարևորում է շրջակա միջավայրի կայունության ապահովումը և պաշտպանությունը։ Սա հիանալի օրինակ է մեր հաճախորդների և գործընկերների համար՝ ոչ միայն աջակցելու նախաձեռնությանը, այլև ամրապնդելու գործընկերությունը և համերաշխության ոգին բոլոր նրանց հետ, ովքեր հոգ են տանում մեր երկրի առողջ ապագայի մասին։ Այս առումով, Գեղարքունիքում տեղի ունեցած միջոցառումը մեր կարգախոսի՝ «Մենք ուժեղ ենք միասին», հստակ հաստատումն է»:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը, համագործակցելով «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ, իրականացնում է երկարաժամկետ բնապահպանական ծրագիր, որի շրջանակում տնկվել է Արդշինբանկի անվանական անտառը։ Նախագիծը մեկնարկել է 2024 թվականի հոկտեմբերին. Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի վարչական սահմաններում իրականացվել է ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող անտառի տնկման աշխատանքներ, որի ընթացքում տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ, հիմնականում կաղնի, կեչի, վայրի տանձ, վայրի խնձորենի, թխկի և թեղի։ Իրականացվող բնապահպանական ծրագրի նպատակներից է, որ Արդշինբանկի անվանական անտառը զգալիորեն ընդլայնի Լոռու «կանաչ թոքերի» մասշտաբներն ու հնարավորությունները և ընդհանուր առմամբ կլանի մոտ 2000 տոննա CO վնասակար արտանետումները։

«Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը գործունեության 5 տարիների ընթացքում արդեն իրականացրել է ավելի քան 2,3 միլիոն ծառերի անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ Լոռու և Տավուշի մարզերի 750 հա տարածքում։

***

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկը սպասարկում է ավելի քան 410,000 հաճախորդի՝ 2,100-ից ավելի աշխատակիցների աջակցությամբ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 71 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։

Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moodys (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги: