Բադալյանին «վերբովկա՞» են արել. Գյումրիում ահազանգում են` ՔՊ-ն չի մարսել պարտությունը

Գյումրու ավագանու «Իմ քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանին չեն կարողանում գտնել: Խմբակցությունում կասկածում են, որ ՔՊ–ի «մատը խառն է» այս հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

«Իմ գնահատմամբ` այս պահի դրությամբ կա խնդիր, քանի որ նա ինձ հետ խոսել է, ասել, որ չի ուզում լինել ավագանու անդամ, հիմա հետ է ուզում գա։ Ես կարող եմ հետևություն անել, որ Գյումրի քաղաքում ինչ–որ պրոցես է իրականացվում։ ՔՊ–ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը, և այս ամենը դրա հետևանքն է»,– ասաց Գրիգորյանը։

Բանն այն է, որ Գյումրու ավագանու «Իմ քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանը մի քանի օր առաջ մանդատից հրաժարվելու դիմում է հանձնել ԿԸՀ։

Հետո փոխել է որոշումն ու դիմել դատարան` մանդատը վերականգնելու համար։ Նույն ընթացքում նա նամակ է գրել քաղաքապետարան` տեղեկացնելով, որ լքում է «Իմ քաղաքը» խմբակցությունը։

Դրանից հետո Մարտուն Գրիգորյանն ու թիմակիցները փորձում են կապ հաստատել նրա հետ, բայց դա նրանց դեռևս չի հաջողվել։

Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ անցկացվեցին։

Գյումրու ընտրություններին մասնակցեցին 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարեցին 5-ը։

14 մանդատ (17188 քվե) ստացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։

«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև «Մեր քաղաքը» հայտարարեցին Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։

Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16-ին կայացած ավագանու նիստում կրկին ընտրվեց Գյումրու քաղաքապետ։ Նորընտիր ավագանու անդրանիկ նիստին մասնակցեցին «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Մեր քաղաքը», «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք» խմբակցությունները, ներկա չէր միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։

Sputnik Արմենիա