Հարցում․ Ինչպե՞ս են տեսնում քաղաքացիները Փաշինյանի հեռացումը
Հայաստանի 1101 քաղաքացիների 30%-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու նախաձեռնությունն ընդհանրապես բացասական է համարել, լիովին դրական կարծիք ունի 21%-ը, հայտնել է GALLUP-ի Հայաստանում անդամ ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով ապրիլի 29-ից մայիսի 2-ն իրականացրած հարցման արդյունքները։
Նախաձեռնությունն ավելի շուտ դրական է գնահատել 17%-ը, ավելի շուտ բացասական՝ շուրջ 14%-ը։
Փաշինյանի հեռացման ամենաարդյունավետ միջոցը, ըստ հարցմանը մասնակցած քաղաքացիների 35,4%-ի, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Նրանց 29,8%-ը նշել է հրաժարականի, 5%-ն՝ իմպիչմենթի, շուրջ 10%-ը՝ փողոցային ճնշման անհրաժեշտության մասին, իսկ 16,9%-ի կարծիքով՝ Փաշինյանը չպետք է հեռանա։
Քաղաքացիները պատասխանել են նաև հարցին, թե որ քաղաքական ուժին, թեկնածուին կընտրեին, եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները։
Նրանց մեծամասնությունը՝ 23,7%-ը, նշել է, որ չէր մասնակցի ընտրություններին, 18,5%-ը դժվարացել է պատասխանել հարցին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել 11,5%-ը, «Հայաստան դաշինքի» և դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ 8%-ը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քաղաքացիների 3,7%-ն է պատրաստ քվեարկել, ԲՀԿ-ի՝ 3,2%-ը։
Առաջին հնգյակը եզրափակել է Վարդան Ղուկասյանի ղեկավարած ԴՕԿ կուսակցությունը՝ 2,9%-ով, 6-րդ տեղում ՀՅԴ-ն է՝ 2,2%-ով։ Ամենացածր՝ 0,3% ստացել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունը։
Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել ԱԺ պատգամավորներին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենթ) գործընթացի առաջարկով։ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանն ու Գեղամ Նազարյանն Armenia Today-ին հայտնել էին, որ չեն մասնակցի այս գործընթացին։ «Հայաստան» դաշինքն առաջարկել էր իմփիչմենթի համար փողոցային ճնշում ապահովել։ Նախաձեռնության համահեղինակ Նարեկ Մալյանը տեղեկացրել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առանց որևէ նախապայմանի իր 6 ստորագրությամբ կմասնակցի Փաշինյանի գործընթացին։