Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը

Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա կիրակի օրն Օմանի մայրաքաղաքում, հաղորդում է Mehr-ը։

Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա կիրակի՝ մայիսի 11-ին, Օմանի մայրաքաղաքում, հաղորդում է իրանական Noornews լրատվամիջոցը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջանային բանագնացն Իրանի հետ անուղղակի բանակցությունները «դրական» էր անվանել՝ նշելով, որ ջանքեր են գործադրվում գործընթացը այս շաբաթավերջին մեկ այլ փուլ տեղափոխելու համար։

Պաշտոնյան նաև նշել է, որ բանակցությունները, որոնք սկսվել են Օմանի միջնորդությամբ Մասկատում, ապա Հռոմում, կարող են երկարաձգվել մինչև չորրորդ փուլ, հաղորդում է PressTV-ն։ Չորրորդ փուլը սկզբնապես նախատեսված էր մայիսի 3-ին Իտալիայի մայրաքաղաքում, սակայն այն հետաձգվեց։

Ուիտկոֆն ասել է, որ գործընթացն առաջ մղելու ակնհայտ ջանքերի ցանկացած ուշացում կապված կլինի Թրամփի՝ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար կատարելիք այցի հետ։

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ «Իրանը միջուկային զենք չի ունենա»։

Ինչպես նշում է Mehr-ը, Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես մերժել է դիվանագիտական ​​գործընթացում այլ հարցեր, ինչպիսիք են իր պաշտպանական ուժը և տարածաշրջանային ազդեցությունը, հաշվի առնելու գաղափարը։

Սակայն, երկու կողմերն էլ մինչ այժմ իրենց բանակցությունները բնութագրել են որպես, ընդհանուր առմամբ, արդյունավետ, ներառյալ վերջին փուլը, որը գնահատվել է որպես «կառուցողական» գործընթաց։

News.am