«Reuters»․ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով 26 պակիստանցի է զոհվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով զոհված պակիստանցիների թիվը հասել է 26-ի, ևս 46-ը տուժել են։ Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրին:
Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացրել էին, որ Հնդկաստանն այս գիշեր հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Պակիստանի ռազմաօդային ուժերը հնդկական 5 կործանիչ են խոցել Հնդկաստանի հարվածը հետ մղելու ժամանակ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հնդկաստանի իշխանությունների անխոհեմ գործողությունները միջուկային զենք ունեցող երկու պետություններին մոտեցրել են զինված հակամարտության: Պակիստանը պնդում է, որ Հնդկաստանը հարձակվել է հինգ բնակավայրերի վրա, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվել:
Հնդկաստանը վստահեցնում է, որ «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ են հասցրել միայն ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտներին, և պակիստանյան ոչ մի ռազմական օբյեկտ հարվածի տակ չի հայտնվել: Հնդկական կողմի տվյալներով՝ ոչնչացվել է առնվազն 17 ահաբեկիչ, որոնք մասնակցել են Քաշմիրում ապրիլյան ահաբեկչությանը։
Միաժամանակ հնդկական կողմը հայտնում է 10 զոհի և 48 վիրավորի մասին՝ վերահսկողության գծում Պակիստանի կողմից գնդակոծությունից հետո:
Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։
Ահաբեկչությունից հետո Հնդկաստանը գրեթե երկու անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը, անցանկալի անձ է հայտարարել Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, փակել է Պակիստանի հետ սահմանին գտնվող «Աթթարի» առանցքային անցակետը:
Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագրի գործողությունը, իսկ կառավարությունը որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին և ապրիլի 27-ից չեղարկել ավելի վաղ տրամադրվածները:
Sputnik Արմենիա