Մեսրոպ Առաքելյան. Իշխանությունն այսօր լեգիտիմացնում է բռնությունը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Հայելի ակումբում տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած բռնության դեպքը՝ այն որակելով որպես պետական մակարդակի խուլիգանություն։

«Դա միջանձնային վեճ չէր։ Արթուր Չախոյանը բարձրաձայնում էր հնարավոր չարաշահումների մասին, և նրան պարզապես ծեծի են ենթարկել։ Այս ամենը պետական կառույցի ներսում է տեղի ունեցել, և սա լուրջ հարված է համակարգին», – նշել է Առաքելյանը։

Նրա խոսքով, հատկապես մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի լռությունը և իշխանական շրջանակների փորձերը՝ արդարացնելու կատարվածը «Իշխանությունն այսօր որդեգրել է մի քաղաքականություն, որի հիմքում բռնությունն է։ Մարդուն կարող են ծեծել, ներողություն խնդրել և անպատիժ շարունակել»։

Անդրադառնալով վերջին օրերի այլ տեսանյութերին՝ Մեսրոպ Առաքելյանը նշել է «Արմավիրի բաժնում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ դրսևորված բռնությունը վկայում է, որ ոստիկանությունում բարեփոխումներ չեն եղել՝ փոխվել են միայն համազգեստն ու մեքենաները, բայց ոչ մոտեցումները»։

Verelq.am