Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը հրկիզելու գործով ձերբակալվել է մեկ անձ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը հրկիզելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ»,–հայտնել է ՆԳՆ–ն։
Նշվում է, որ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են։
Հիշեցնենք` դեպքի մասին ահազանգել էր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Կատարվածի մեջ Սուքիասյանը մեղադրել էր գործող իշխանությանը։
Sputnik Արմենիա