Հայաստանը կատարել է ՄԻԵԴ որոշումների 65 տոկոսը, Ադրբեջանը՝ 36 տոկոսը
Երևանում ընթացող Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարեց, որ միջազգային տարբեր զեկույցների համաձայն, Հայաստանում դատական համակարգի բարեփոխման գործընթացն ընթանում է առանց համապարփակ ռազմավարության, Բարձրագույն դատական խորհուրդն ընկալվում է ոչ որպես անկախ մարմին։ Վրաստանում իրավական համակարգը վերահսկվում է դատական կլանի կողմից, ստեղծում է ոչ թափանցիկ, պատասխանատվությունից զերծ միջավայր։
Ըստ նրա, այդ զեկույցերի համաձայն, Ադրբեջանում իրավիճակն ավելի մտահոգիչ է, դատարանները գործում են որպես գործադիր իշխանության միավոր, հատկապես քաղաքական բնույթի գործերով։ Քննությունները կենտրոնացված են ինքնախոստովանական ցուցմունքների վրա, որոնք հիմնականում ձեռք են բերվում խոշտագումների միջոցով, դատավարությունները կրում են ձևական բնույթ։ Իրավապաշտպանները, փաստաբանները, լրագրողներն անցնում են հետապնդումների միջոցով, ենթարկվում են քերական հետապնդումների։ Ադրբեջանում կա առնվազն 250 քաղբանտարկյալ։
«Սա թույլ է տալիս դատական համակարգը բնութագրել որպես քաղաքական ճնշման, վերահսկման գործուն միջոց»,- ասաց Ս. Սահակյանը։
Նա նշեց, որ այս գնահատականները հաստատվում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայով։ Ըստ պաշտոնական տվյալների, արդար դատաքննության իրավունքի խախտումների առնչությամբ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ 27 որոշում է կայացրել, Ադրբեջանի դեմ՝ 93,
Վրաստանի դեմ՝ 15։
Ս.Սահակյանն ասաց, որ առ այսօր ՄԻԵԴ-ը 31 որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, որը թույլ է տալիս հասկանալ իրավական գործընթացների չարաշահման նպատակաները։ Դրանցից 11-ը Ադրբեջանի դեմ է, այսինքն 35,5 տոկոսը վերաբերում է Ադրբեջանին, ինչը վկայում է համատարած քաղաքական միջամտության մասին։
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ որոշումների կատարմանը, նա նշեց, որ 2025 թվականի դրությամբ ՀՀ-ի առնչությամբ եղել են 214 գործ, որից 140-ը կամ 65 տոկոսը համարվել է կատարված, փակված, Վրաստանի դեպքում՝ 194 գործից 118-ը կամ մոտ 61 տոկոսը փակված, Ադրբեջանի պարագայում 535 գործից միայն 192-ը կամ 36 տոկոսն է փակված, կատարված։
«Այս ցուցանիշը ևս ցուցադրում է, որ Ադրբեջանը միջազգային գործընկերության համագործակցության տեսանկյունից ոչ միշտ է հարգում միջազգային պարտավարությունները»,- ասաց Ս. Սահակյան։
Panorama.am