ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 33-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԻՇԵ՛Լ
Երբ 2019թ. մայիսի 8-ին Փաշինյանը հայտնվեց հեռուստաէկրաններին, շատերը մտածեցին, թե նա շնորհավորելու է ժողովրդին Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի կապակցությամբ, բայց «սիրո և համերաշխության հեղափոխության» առաջնորդը թվարկեց «նոր Հայաստանի» 100 փաստեր՝ շեշտը դնելով «խելացի գոմերի» վրա։ Նա պաթոսով պատմեց զանգվածներին, որ նման շինություններում անասունները հարմարավետ կզգան իրենց՝ 21-րդ դարի առաջադեմ նվաճումների մակարդակով։ Փաշինյանը խոստացավ, որ կառավարությունը կփոխհատուցի փոքր և միջին անասնագոմերի կառուցման ծախսերի 50 տոկոսը, իսկ սահմանամերձ համայնքների բնակիչների համար՝ ծախսերի 70 տոկոսը:
Պետական աջակցությունն իրականում, ինչպես պարզվեց, հերթական սուտն էր, 7 տարվա ընթացքում «խելացի» գոմերի, խոզանոցների, փարախների, ախոռների և այլնի կառուցման ծրագիրը ձախողվեց, ինչպես որ ձախողված է փոքր ավիացիայի վերականգնման, ժողովրդական սպառման տեղական ապրանքների (սառնարանների, հեռուստացույցների), ինչպես նաև Իրանի հետ համատեղ թողարկելիք ավտոմեքենաների արտադրության ծրագիրը։ Ընթացքում Փաշինյանը դժգոհեց, թե գործին սխալ կողմից են մոտեցել, իբր՝ չարժեր ձմռանը տաքացնել «խելացի գոմերը», քանզի կովերը, նրա խոսքերով, չեն սիրում դա։
Իսկ այժմ՝ արդիական թեմայով ստի մասին, չէ որ մայիսի 7-9-ին լրանում է Ստեփանակերտի շուրջ հակառակորդի մարտական կետերի ոչնչացման և Շուշիի ազատագրման գործողության 33-րդ տարին։
«Կարելի էր խուսափել պատերազմից, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները, այդ թվում՝ Շուշին»,- ստեց Փաշինյանը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, 2020 թվականի նոյեմբերի 16-ին: 2021 թվականի հոկտեմբերին Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա կրկնեց այդ սուտը. «Միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետև Ադրբեջանը երբեք չի հրաժարվել էն մտքից, որ Ղարաբաղի ադրբեջանցիները պիտի վերադառնան և բնակվեն Ղարաբաղում։ Հայկական կողմն էլ էր ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեին՝ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Բա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին բնակվելու։ Բնակիչ նշանակում է բնակության տեղ ունեցող, չէ՞»։ Այս հայտարարությունից հետո այն ժամանակ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ բանակցային գործընթացի որևէ փուլում Շուշի քաղաքի հարցը չի շոշափվել: Փաշինյանը առարկելու բան չգտավ, սակայն 2022 թվականի ապրիլին հայտարարեց, թե անհնար էր կանխել 44-օրյա պատերազմը, քանի որ «էդ պատերազմը Շուշիի պատճառով էր»։ Ավելի ուշ նա կասի, թե 44-օրյա պատերազմը Հայաստանի մասին էր, քանի որ Արցախը հանձնել են դեռևս 1996-ին Լիսաբոնում…
Փաշինյանին ջրի երես հանեց նաև նախագահ Պուտինի այն հայտարարությունը, որ 2020թ. հոկտեմբերի երկրորդ կեսին իրեն հաջողվել է համոզել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները՝ փախստականների, այդ թվում Շուշի վերադարձի պայմանով։ Ընդ որում Շուշին մնալու էր հայկական բանակի վերահսկողության տակ։ Փաշինյանը հրաժարվել էր՝ պատճառաբանելով, թե դա հակասում է հայկական շահերին։ Ստացվում է՝ Շուշիի ու Հադրութի հանձնումը միանգամայն համապատասխանում էր այդ շահերին։ Մինչդեռ ադրբեջանցի փախստականները դժվար թե վերադառնային հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող քաղաք։
Իրականում Շուշիի հանձնումը համապատասխանում էր Փաշինյանի արևմտյան տերերի շահերին, որոնց ծրագրերը խաթարեց ռուսական զորախմբի մուտքը, ինչի արդյունքում, 44-օրյա պատերազմի արդյունքներով Ադրբեջանին անցավ Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը, այլ ոչ թե ամբողջ Արցախը: Փաշինյանի տերերը տեղը հանեցին 2022 թվականի հոկտեմբերի 2-ին Պրահայում, որտեղ իշխող վերնաշերտի պարագլուխը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, հնարավորություն ընձեռելով Ալիևին դեկտեմբերի 12-ից սկսել շրջափակումը, որը 2023 թվականի սեպտեմբերին հանգեցրեց ցեղասպանության և հայկական երկրորդ հանրապետության բնակչության բռնի տեղահանման։ Պրահայում ճանաչումը, հիշեցնեմ, տեղի ունեցավ Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ, այսինքն՝ հենց այն ԵՄ-ի, ուր մեզ այսօր տանում են այսպես կոչված «Ժողովրդավարական ուժերի հարթակի» ներկայացուցիչները։
Եվս մեկ սուտ. 2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը գրել էր. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Իսկ նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Շուշիի նկատմամբ վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ին, իսկ ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ին»: Ինչո՞ւ էր ռեժիմի պարագլուխը ամբողջ 3 օր խաբում ժողովրդին։
Առ այսօր շարունակվում են հարավային ուղղությամբ կրած պարտության, Շուշիի ու Հադրութի հանձնման մեղքը Պաշտպանության բանակի հրամանատար, մարտական գործողություններն ընդամենը 12 օր ղեկավարած գեներալ Միքայել Արզումանյանի (կալանքի տակ է), ինչպես նաև այլ զինվորականների վրա բարդելու փորձերը: Դա արվում է ակնհայտը թաքցնելու նպատակով. Շուշիի հանձնումը ներառված էր «պայմանավորված պատերազմի» սցենարում, որը դարձավ այսպես կոչված «վերելակային դիվանագիտության» անկյունաքարը։
«Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին»,- խորհրդարանի ամբիոնից հարց հնչեցրեց Փաշինյանը, որին հաջողվեց 2021 թվականին խաբել ժողովրդին՝ բանակցությունների միջոցով Շուշին վերադարձնելու խոստումով։ Վարչապետի աթոռին նստելուն պես Փաշինյանը սկսեց հալածել Հաղթանակի գեներալներին՝ նպատակ հետապնդելով վարկաբեկել նրանց, ովքեր ազատագրել էին Արցախը և հաղթանակ բերել ժողովրդին։ Մինչ 2018-ի գարնանն իշխանության հակասահմանադրական զավթումը մայիսի 9-ը Հայաստանում նշվում էր որպես Եռատոն, դրանից մնացել է լոկ հիշողություն, որը ռեժիմի պարագլուխն ու իր քարոզչամեքենան փորձում են միասին արմատախիլ անել՝ ազգային ինքնության հետ մեկտեղ։
Համանման նպատակ է հետապնդում Ալիևի ռեժիմը, որն այս օրերին փորձում է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված ներկայացուցիչներին ներկայացնել ահաբեկչական գործունեության մեղադրանք, որի տակ, մասնավորապես, նկատի է առնվում Շուշիի ազատագրման գործողությունը: Օրերս նման մեղադրանք ներկայացվեց Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին:
Թուրքական վիլայեթի՝ «իրական Հայաստանի» ապագա բնակիչները չպետք է հիշեն այն մասին, որ 33 տարի առաջ՝ 1992թ.մայիսի 7-9-ին հայկական ստորաբաժանումներին հաջողվեց ոչնչացնել հակառակորդի մարտական կետերը Ստեփանակերտի շուրջ և իրականացնել Շուշի բերդաքաղաքի ազատագրման եզակի գործողությունը, որին նվիրված են անթիվ հրապարակումներ ու գրքեր: Հաղթանակները պետք է հիշե՛լ: Հիշողությունը միակ խոչընդոտն է համընդհանուր մանկուրտացման ճանապարհին, միակ հնարավորությունը՝ չհաշտվելու նախնյաց հողից վտարվածների ճակատագրի հետ:
Որպեսզի դուրս չմնանք այսօրվա նորաձևության համատեքստից («Կրթությունը նորաձև է»), ուզում եմ հաղորդել տեղեկություններ, որոնք ընթերցողը դժվար թե հայտնաբերի Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի դասախոսություններում։ 1914 թվականին Հայ Եկեղեցու Ղարաբաղի թեմն ունեցել է 222 գործող եկեղեցի, 188 հոգևորական, 206 768 ծխական, 224 հայկական գյուղ: Այդ մասին նշյալ թվականին գրել է «Արարատ» ամսագիրը։
«Ղարաբաղ նահանգի նկարագրությունը, որը կազմվել է 1823թ. իսկական պետական խորհրդական Մոգիլևսկու և գնդապետ Երմոլով երկրորդի կողմից», բովանդակում է հետևյալ փաստումը. «Այս տարածքում կան ավելի քան 1000 հայերեն արձանագրություններ և հարյուրավոր քրիստոնեական պաշտամունքային կառույցներ։ Մարզում չկա ոչ մի մահմեդական միջնադարյան պաշտամունքային կառույց, ոչ հայերեն ոչ մի արձանագրություն: Միայն 18-րդ դարի երկրորդ կեսից Փանահ-խանի և Իբրաիմ-խանի օրոք են Շուշիում բնակություն հաստատել ոչ մեծ թվով քոչվոր մահմեդականներ»։