Հռոմի նոր պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն

Հռոմի 267-րդ պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն։ Նա ընդունել է Լևոն 14-րդ անունը։ Նորընտիր պապը Սուրբ Պետրոս տաճարի գլխավոր պատշգամբից ողջունեց հրապարակում հավաքված հավատացյալներին և օրհնեց աշխարհն ու քաղաքը։

69-ամյա Պրևոն Չիկագոյից Վատիկան է տեղափոխվել 2023 թվականին։ Նրա ղեկավարած ստորաբաժանումը ստուգում է ամբողջ աշխարհի եպիսկոպոսների թեկնածությունները, ուստի սա կաթոլիկ եկեղեցու կարևորագույն պաշտոններից մեկն է։

Հռոմի նոր պապ Լևոն XIV-ն իր առաջին ուղերձում հավատացյալներին կոչ է արել խաղաղության հաստատման համար երկխոսության կամուրջներ կառուցել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է նորընտիր պապին՝ նշելով, որ սա մեծ պատիվ է ԱՄՆ-ի համար։

«Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա ԱՄՆ առաջին պապն է։ Ինչ հուզմունք, և ինչ մեծ պատիվ մեր երկրի համար։ Ես անհամբեր սպասում եմ Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացավ ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվեց թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել էր 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։

Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում, սակայն մահացավ կաթվածից։

Հռոմի նորընտիր պապը ծնվել է 1955թ սեպտեմբերի 14-ին Չիկագոյում։ Ունի մաթեմատիկական կրթություն, ավարտել է Սուրբ Օգոստինոսի Միաբանության ճեմարանը։ Քահանա է ձեռնադրվել 1982 թվականին, կարճ ժամանակ անց միացել է ավգուստինյանների առաքելությանը Պերուում։

2014-ին եպիսկոպոս է ձեռնադրվել Ֆրանցիսկոս պապի կողմից, իսկ 2025-ի փետրվարին Ֆրանցիսկոս պապը նրան կարդինալ-եպիսկոպոսների դաս է շնորհել, այսինքն՝ ավագ կարդինալ։

Նա պատմության մեջ առաջին պապն է, որը ծնվել է ԱՄՆ-ում:

Sputnik Արմենիա