Մամիջանյան․ Փաշինյանին անվստահություն հայտնելն իշխանափոխության ամենաիրատեսական գործիքն է

«Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն այս պահին իշխանափոխության առկա ամենահավանական և ամենաիրատեսական գործիքն է, դե այլընտրանքը ոչինչ չանելն է, իսկ դա մեզ համար չի»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նա նշեց, որ սովոր չէ «գցել, բռնել, կստացվի, թե չի ստացվի»։

«Կապ չունի, ուժերի 150% լարվածությամբ մենք պիտի լծվենք գործի»,- ասաց Մամիջանյանը։

Հարցին՝ ինչ-ինչ շրջանակներ փորձում են ՀՀԿ-ին դաշտից հեռացնել, ինչո՞ւ, նա պատասխանեց. «Երևի խանգարում ենք նրանով, որ ազգային ուժ ենք, խանգարում ենք նրանով, որ հայ ժողովրդի, Հայաստանի պետականության նորագույն պատմությունը և Հանրապետականի պատմությունը միահյուսված է։ Մեր հիմնադիր հայրերը, դեռևս խորհրդային ժամանակներից, ապրել, պայքարել են անկախ Հայաստանի, մեր սուվերենության, մեր հայրենիքի հզորության գաղափարներով, կերտել են Արցախի հաղթանակները, այնուհետև կարողացել են պահել անվտանգ մեր երկիրը, երևի դրանով խանգարում ենք, երևի կան մարդիկ, որոնք դրան դեմ են, բայց բոլորին զգուշացնեմ, հանրապետականին ոչնչացնել հնարավոր չէ, դա շատ-շատերն են փորձել անել ու ոչ մեկին չի հաջողվել, ու ոչ մեկին չի էլ հաջողվելու։ Մենք մեր առաքելությունը, մենք մեր պայքարը կիրականացնենք»։

Panorama.am