ՀՀ ՊՆ․ Ադրբեջանցիները դարձյալ կրակել են Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիք

Ադրբեջանցիները դարձյալ կրակել են Խնածախի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ տուժածներ չկան:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։

Ապրիլի 5-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժի կողմից մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի տներից մեկի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Դրանից հետո` ապրիլի 13-ին, ժամը 22:20-ի սահմաններում նույպես Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, իսկ մայիսի 7–ի կրակոցներից գյուղում բնակելի տան տանիք էր վնասվել։