Global High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է Հայաստան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թ դափնեկիր դր. Յոշիակի Դեյմոն Հագիվարան արդեն Հայաստանում է։ LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ դր Հագիվարան Հայաստան է ժամանել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում իր մրցանակը ստանալու նպատակով։

Ավանդույթի համաձայն՝ մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր Viva-ի գրասենյակում կկազմակերպվի մամուլի ասուլիս՝ դափնեկրի մասնակցությամբ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տեղի կունենա «Համաշխարհային բարձր տեխնոլոգիաների մրցանակի հատուկ դրոշմանիշների մարման արարողություն: Մրցանակի նախաձեռնողն ու աջակիցը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է:

Այցելության շրջանակում դր. Հագիվարան կհանդիպի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին, կայցելի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ նրան կշնորհվի բուհի պատվավոր դոկտորի կոչում։ Բացի դրանից՝ նա դասախոսություն կկարդա Հայաստանում ֆրանսիական համալսարանում, ինչպես նաև կայցելի Սինոփսիս Արմենիա և TUMO կենտրոն: Այցը կեզրափակվի Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն այցելությամբ, որտեղ նա կմասնակցի «Սիլիկոնային սարեր 2025» համաժողովին ու ցուցահանդեսին, որտեղ հանդես կգա հիմնական զեկույցով:

«Հայաստանում ՏՀՏ ոլորտը զգալի ներուժ ունի, և դրա զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև նորարարական մտածողության խթանում և ոլորտի առաջատարների լավագույն փորձի ներգրավում։ Այդ նպատակով կարևոր է ստեղծել ազդեցիկ հարթակներ, որոնք հնարավորություն կտան Հայաստան հրավիրել այնպիսի հսկաների, ինչպիսիք են պարոն Հագիվարան և մրցանակի նախկին դափնեկիրները, որոնք էական դեր են ունեցել ՏՏ ոլորտի որակական, հեղափոխական առաջընթացում։ Նման մասնագետների այցերը և փորձի փոխանակումը խթանում են նոր նախաձեռնությունների և նախագծերի իրականացումը, որոնք կարող են ՏՏ ոլորտը Հայաստանում հասցնել նոր մակարդակի։ Այս մրցանակաբաշխությունը, որին Viva-ն աջակցում է արդեն 15 տարի, նշանակալի ներդրում է ունենում Հայաստանի տեսանելիությունն ապահովելու գործում համաշխարհային ՏՏ քարտեզի վրա։ Այն ոգեշնչում է երիտասարդներին ընտրելու ՏՏ ոլորտը որպես մասնագիտություն և, ամենակարևորը, խրախուսում է նրանց ձգտել հավակնոտ նպատակների», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Յոշիակի Դեյմոն Հագիվարան ծնվել է 1948 թվականի հուլիսի 4-ին` Ճապոնիայի Կիոտո քաղաքում։ Ավագ դպրոցում սովորելու նպատակով 1965 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիայի Ռիվերսայդ քաղաք։ 1971 թ գերազանցությամբ ավարտել է Փասադենայի Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Caltech)՝ ստանալով բակալավրի, 1972-ին՝ մագիստրոսի աստիճան, 1975-ին` էլեկտրատեխնիկայի ոլորտում ֆիզիկայի մասնագիտացմամբ դոկտորի կոչում: 1975 թվականին նա միացել է Sony ընկերությանը։ 1975-2008 թվականներին Sony-ում աշխատելու ընթացքում նա ներգրավված է եղել պատկերի սենսորների և թվային տեսախցիկի չիպ-սեթի վաղ մշակման աշխատանքներում, որոնց թվում են ADC, DRAM, բարձր արագությամբ Cache SRAM բուֆերային հիշողության չիպերը, միկրոկոնտրոլերների չիպերն ու իրական ժամանակի բարձր արտադրողականության պրոցեսորները։ Նախքան 2008 թվականին թոշակի անցնելը, նա ընդգրկվել է PS2 և PS3 PlayStation խաղային կոնսոլների չիպ-սեթերի մշակման աշխատանքներում։

2008 թ-ին Հագիվարան հիմնադրել է AIPLAB կոնսորցիումը և աշխատել որպես Արհեստական բանականության գործընկեր համակարգի (AIPS) լաբորատորիայի նախագահ։ Այսօր նա Ճապոնիայի Ածուգի քաղաքում գտնվող LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահն է և զբաղվում է SDGs մաքուր էներգիայի և կայուն զարգացման նպատակներին ուղղված արհեստական բանականությամբ ռոբոտների (AI Robot Clean Energy) համակարգային լուծումների մշակմամբ։ Պարոն Հագիվարան եղել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության (SSIS) Կրթական հանձնաժողովի նախագահը և մինչ օրս շարունակում է իր գործունեությունը որպես միության անդամ։ Նա Կալտեքի (Caltech) պատվավոր շրջանավարտ է, AAIA անդամ, IEEE մշտական անդամ և IEEE EDS, IEEE SSCS, IEEE CS, IEEE գերհաղորդականության խորհրդի, IEEE նանոտեխնոլոգիայի խորհրդի, IEEE սենսորների խորհրդի և IEEE համակարգերի խորհրդի անդամ:

Aysor.am