Երևանի Պուշկինի դպրոցում դաս չկա. ծնողները ակցիայից հետո հավաքվել են ԿԳՄՍՆ մոտ

Երևանի Պուշկինի անվան դպրոցի մի խումբ ծնողներ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացնում դպրոցի բակում։ Նրանք այստեղից որոշեցին շարժվել դեպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ:

Ինչպես Sputnik Արմենիային ասաց ծնողներից մեկը` այսօր դպրոցում դաս չկա, իսկ իրենց պահանջը մնում է անփոփոխ՝ տնօրենի պաշտոնում վերականգնել Նատալյա Ստեփանյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8–ից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը: Այդ նպատակով աշակերտների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել։ Միաժամանակ, ՀՀ ԿԳՄՍՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Ստեփանյանը չի անցել ատեստավորման հարցազրույցի փուլը և սկսել է դրա արդյունքների բողոքարկման գործընթացը։

«Մենք գերատեսչությունից պահանջում ենք վերականգնել Ստեփանյանին պաշտոնում»,– հայտարարեց ծնողներից մեկը:

Նա նշեց, որ ժամը 14:00–ին նախարարությունում կքննարկվի Ստեփանյանի բողոքը: Այդ իսկ պատճառով նրանք գնում են դեպի նախարարություն, շարունակելու ակցիան։ Նրանք պահանջում են, որ ծնողներին ևս ներառեն Ստեփանյանի բողոքարկման դիմումի քննարկման մեջ:

Ի դեպ, արդեն ԿԳՄՍՆ հասած ծնողներին հայտնել են, որ 6 հոգանոց պատվիրակությանը կընդունի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։