Մինասյանը դատախազին կոչ արեց իրավական գնահատական տալ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է իրավական ուսումնասիրություն և գնահատական հնչեցնի ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 9–ին Հանրային հեռուստաընկերության եթերում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված Հայաստանի համար ամենածանր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից։ Նա նշել էր, որ Գերմանիան ունեցել է ծրագիր` Ստալինգրադից հետո իջնել և վերցնել Կովկասը, ապա գրավել Թուրքիան, որն էլ ենթադրելու էր միացյալ պատմական Հայաստանի ստեղծում։
«Գլխավոր դատախազը կոնկրետ անելիք ունի 44–օրյա կեղծ լուրերի մունետիկի` Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ։ Նա պետք է իրականացնի իրավական ուսումնասիրություն և գնահատական հնչեցնել հատկապես այս առումով` մարդկության դեմ իրականացված հանցագործություն կատարած նացիստական Գերմանիայի և Հիտլերի կառավարման ռեժիմն արդարացնելու կամ վտանգավորությունը մեղմացնելուն ուղղված գործողություններով ու այն էլ` ոչ ավելի, ոչ պակաս խեղաթյուրելով ողջ պատմությունը»,– հայտարարեց Մինասյանը։
Բացի այդ, ըստ պատգամավորի` Արծրուն Հովհաննիսյանը հայերի էմոցիոնալ ֆոնը բարձրացնելու համար ասել է, թե հիտլերյան Գերմանիան անկախ ու պատմական Հայաստան էր ուզում։ Ըստ Մինասյանի` սրանք անընդունելի հայտարարություններ են։
Sputnik Արմենիա