ՔԱԿ-ը հայտարարել է ինքնալուծարման և Թուրքիայի հետ զինված հակամարտության դադարեցման մասին
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» հայտարարել է ինքնալուծարման և զինված հակամարտությունը դադարեցնելու որոշման մասին: Այս մասին հայտնում է Rudaw գործակալությունը։
Կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 5-7-ը կոնգրես է անցկացրել՝ իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հնչեցրած զինաթափման և կազմալուծման կոչից հետո:
«ՔԱԿ-ն հայտնել է, որ կուսակցության կոնգրեսում որոշում է կայացվել ինքնալուծարվել և դադարեցնել զինված պայքարը: ՔԱԿ-ի գործունեությունը դադարեցվել է»,- հայտնել է գործակալությունը։
Ապրիլին կառավարամետ Türkiye թերթը, հղում անելով անվտանգության մարմիններում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՔԱԿ-ի կոնգրեսը, որտեղ քննարկվելու է կուսակցության ինքնալուծարումը, սպասվում է մայիսին, իսկ զինաթափումը՝ հունիսին:
ՔԲԿ-ն մարտի 1-ին հրադադար էր հայտարարել՝ ի պատասխան Օջալանի կոչի, որը 1999 թվականից ի վեր ցմահ պատիժ է կրում Մարմարա ծովի Իմրալի կղզու բանտում: Կուսակցությունում հայտարարել էին, որ պատրաստ են կոնգրես հրավիրել, որտեղ կքննարկեն ինքնալուծարման հարցը, բայց միայն առաջնորդի անձնական ներկայությամբ: ՔԲԿ-ում ընդգծել էին, որ հրադադարը գործում է, քանի դեռ կուսակցության ջոկատների վրա ոչ ոք չի հարձակվում: Կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել էր 1984 թվականին և վերսկսվել 2015-ին։
Sputnik Արմենիա