ՔԿ․ Արցախցի երիտասարդի հետ կապված միջադեպով ոստիկանների նկատմամբ գործ չեն հարուցել

ՀՀ Քննչական կոմիտեն դեռևս քրեական գործ չի հարուցել ոստիկանության Վանաձորի բաժնում արցախցի երիտասարդին ենթադրյաբար ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով գերատեսչության տարեկան հաշվետվությունը և պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

Պողոսյանի խոսքով՝ դատաբժիշկները տուժող Տիգրան Ուլուբաբյանի մարմնի վրա ծեծի հետքեր չեն հայտնաբերել, սակայն նշանակվել են մի շարք լրացուցիչ փորձաքննություններ։

«Միջադեպը լայն արձագանք է ստացել, բայց այս փուլում ոստիկանության աշխատակիցների դեմ գործ հարուցելու հիմքեր չկան»,-նշել է նա:

Պողոսյանը հավելել է, որ ինքը և ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը բազմիցս հանդիպել են Ուլուբաբյանի հետ: Հետաքննության ընթացքում նաև առերեսումներ են կատարվել նրա և ոստիկանների միջև։

Հիշեցնենք, որ Ուլուբաբյանն Արցախից բռնի տեղահանումից հետո ավելի քան մեկ տարի բնակվում է Վանաձորում։ Վերջերս նրան ոստիկանություն էին կանչել բնակարանի կողոպուտի կասկածանքով։

Փաստաբան Ռոման Երիցյանն ավելի վաղ հայտնել էր, որ բնակարանի վրա հարձակվել են երկու զինված դիմակավորված անհայտ անձինք։ Սպառնալով սպանել 28-ամյա կնոջն ու նրա երեխային՝ նրանք տարել են ոսկյա զարդերը։ Կնոջը կանչել են ոստիկանություն՝ ցուցմունք տալու, և նա Ուլուբաբյանին խնդրել է ուղեկցել իրեն։ Վերջինիս խոսքով՝ տեղամասում իրեն կոպիտ ձևով հարցաքննել են, իսկ հաջորդ օրը նորից են կանչել ու ծեծի ենթարկել՝ մի քանի ժամ պահելով բաժանմունքում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Sputnik Արմենիա