ԱՄՆ պետդեպարտամենտն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ պետդեպարտամենտը մայիսի 12-ին ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել Իրանի երեք քաղաքացիների և «Իրանի պաշտպանության նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության հետ կապված մեկ իրանական կազմակերպության նկատմամբ, որը հայտնի է պարսկերեն SPND հապավումով, այն մինչև 2004թ. Իրանի միջուկային զենքի ծրագրի անմիջական իրավահաջորդն էր, որը նաև հայտնի է որպես «Amad նախագիծ»:

«Պատժամիջոցների ենթակա բոլոր անձինք զբաղված են այնպիսի գործունեությամբ, որը զգալիորեն նպաստում է զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կամ էականորեն նպաստելու վտանգ է ստեղծում»,- նշվել է հայտարարությունում։

Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, Իրանը շարունակում է «զգալիորեն ընդլայնել իր միջուկային ծրագիրը և իրականացնել երկակի օգտագործման հետազոտություններ և մշակումներ՝ միջուկային զենքի և միջուկային զենքի մատակարարման համակարգերի համար»:

«Իրանը միակ ոչ միջուկային երկիրն է աշխարհում, որն արտադրում է մինչև 60 տոկոս հարստացված ուրան, և նա շարունակում է օգտագործել դրածո ընկերություններն ու գնումների գործակալներին՝ օտարերկրյա մատակարարներից երկակի նշանակության ապրանքներ ձեռք բերելու ջանքերը թաքցնելու համար:

Միացյալ Նահանգների գործողություններն ուղղված են Իրանի՝ միջուկային զենքի հետազոտությունն ու մշակումն իրականացնելու կարողությունը հետաձգելուն և թուլացնելուն։

Այսօրվա գործողությունները ցույց են տալիս Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ երաշխավորելու, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի:

Պետդեպարտամենտի գործողություններն իրականացվել են 13382 գործադիր հրամանի համաձայն, որն ուղղված է զանգվածային ոչնչացման զենքեր տարածողներին և նրանց կողմնակիցներին»,- նշվել է պետդեպարտամենտի հայտարարությունում։

News.am