Երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. ՀՀ ՊՆ-ն` Տավուշի մասին

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը` անդրադառնալով Տավուշի մարզում տիրող սահմանային իրավիճակի վերաբերյալ մեր հարցին։

Լրագրող Ոսկան Սարգսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել էր, որ գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմից կրակոցներ են եղել Տավուշի մարզում։

«Հրադադարի ինտենսիվ, էական, կամ այլ կերպ ասած` նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով, հետևեք ՊՆ պաշտոնական հաղորդագրություններին»,–նշեց ՊՆ խոսնակը։

Նշենք` Ոսկան Սարգսյանը գրել էր, որ մայիսի 12–ի լույս 13-ի գիշերը Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել, որոնք գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի առավոտյան` ժամը 7։20-7։40 կրկին կրակոցներ են եղել, որոնց ձայնը լսվել է անգամ Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Լրագրողը գրել էր, որ վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է, որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև ցերեկը։