ԱՄՆ-ում լսումներ կանցկացվեն Ադրբեջանում հայկական ժառանգության ոչնչացման մասին

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը (USCIRF) հունիսի 5-ին վիրտուալ լսումներ կանցկացնի Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում կքննարկվի նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցը, նշվել է USCIRF-ի հայտարարությունում։

«Լեռնային Ղարաբաղի կրոնական վայրերը շարունակում են մնալ վտանգի տակ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները... ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում:

Նշվել է, որ Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները շարունակում են տագնապալի մնալ։

«Երկրի կրոնական օրենքը պարտադրում է գրանցման ծանր պահանջներ կրոնական համայնքների համար, որպեսզի նրանք կարողանան օրինական կերպով զբաղվել կրոնական գործունեությամբ: Վերջին տարիներին, Իրանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել և բանտարկել է ռեկորդային թվով շիա մահմեդականներ կրոնական մոտիվներով: Բանտարկյալներից շատերը իրավապահներին մեղադրում են ֆիզիկական բռնության և վատ վերաբերմունքի այլ ձևերի մեջ»,- նշվել է USCIRF-ի զեկույցում։

«Փետրվարին USCIRF-ն այցելել է Ադրբեջան՝ երկրում կրոնական ազատության վիճակն ուսումնասիրելու և կրոնական համայնքի ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների և պետական ​​պաշտոնյաների հետ հանդիպելու համար: 2025թ. իր տարեկան զեկույցում USCIRF-ն առաջարկել է ԱՄՆ պետդեպարտամենտին Ադրբեջանը ներառել Հատուկ դիտորդական ցուցակում՝ կրոնական ազատության լուրջ խախտումների համար»,- նշվել է հայտարարությունում:

News.am