Հայաստանի թիմն արծաթե մեդալ է նվաճել Մենդելեևյան օլիմպիադայում
Հայաստանի թիմն արծաթե մեդալ է նվաճել քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է մայիսի 5-13-ը Բրազիլիայի Բելու-Օրիզոնտի քաղաքում։
Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Օլիմպիադային, որն անցկացվել է 3 փուլով՝ 2 տեսական և 1 փորձնական, մասնակցել է 40 երկրի 190 ներկայացուցիչ։
Հայաստանի թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը։ Թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը։
Օլիմպիադայում Արման Խառատյանն արժանացել է արծաթե մեդալի:
Հիշեցնենք, որ նախորդ՝ 58-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որն անցկացվել էր Չինաստանի Շենչժեն քաղաքում, ՀՀ թիմը նվաճել էր մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմը, ըմնդհանուր առմամբ, արժանացել է 45 մեդալի (1 ոսկե, 9 արծաթե և 35 բրոնզե):
Sputnik Արմենիա