Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹԱԼԱՆԻՑ. ԲԱ ԲՌՆԵԻՔ, ԴԱՏԵԻՔ, Ո՞Վ Է ՁԵԶ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Իշխանություններն ինչո՞ւ են այսպես ջղաձգվում, որովհետև դրոշակ էին սարքել կոռուպցիայի դեմ պայքարը. հիմա ասում ենք՝ դու կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակ ես բարձրացնում, բայց ձեր իշխանության և իշխանության հետ սերտորեն աֆիլիացված մարդկանց հետ կապված բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ կան, առերևույթ կոռուպցիոն հանցագործության բոլոր հիմքերն առկա են, որպեսզի իրավապահ մարմինները սկսեն դա քննել. Դա իրենց բնականաբար նետում է ջղաձգումների գիրկը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Նիկոլ Փաշինյանի այդ ջղաձգումը դրանից սկսվեց։ Իրենք ասում են՝ բա էն ժամանակ այսպես է եղել։ Լավ, եղել է, ո՞վ է ձեզ խանգարում ամեն կոնկրետ դրվագի հետևից գնալ, մեղավորին դատապարտել, անմեղին ասել ՝դե կներես, պարզվում է, սխալ ենք եղել։
Այս քննարկումը ցույց է տալիս երկու բան. կամ չեն ուզում, որովհետև իրենց ձեռնտու է ասել, բա այն ժամանակ բոլորը թաթախված են եղել կոռուպցիայի մեջ, եթե օբյեկտիվ քննություն լինի, պետք է ասեն՝ հա, 100 հոգու մեղադրանք ունեինք, կասկածներ ունեինք, այս հինգ հոգու նկատմամբ մեր կասկածները հաստատվեցին, բայց դրանից կբխի, որ այս ամբողջ աղմուկը, որ արել էին, իրականում փոքրիկ փուչիկ է եղել։
Յոթ տարի այս կառավարությունն է, ի՞նչ են արել, ոչ մի բան չեն արել, որևէ հպարտանալու բան չունեն, հետ են գնացել ի շրջանս յուր՝ կոռուպցիա է եղել, թալան է եղել։ Այսքան օրինակները, որ բերում եք, բա բռնեիք, բա դատեիք, ո՞վ է ձեզ խանգարել, դատարանները շրջափակեցիք, Սահմանադրական դատարանի կազմը փոխեցիք, ԲԴԽ-ի կազմը փոխեցիք, քննչական մարմինների ղեկավարներին փոխեցիք, հետո՞։ Ուրեմն ընդունեք, որ դա էլ չեք կարող անել։ Տնտեսությունը չեք կարողանում զարգացնել, արտաքին քաղաքականությունում ձախողել եք, անվտանգային քաղաքականությունում ձախողել եք, Արցախի հարցում ձախողել եք, այս հարցում էլ եք ձախողել, կատարյալ ձախող իշխանություն»,–ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա նկատեց, որ կոռուպցիայի մեղադրանքը քարոզչական ֆոն է, այլապես կգնային և կոնկրետ մարդկանց կդատեին։ «Եթե այս խոսակցությունը լիներ, ենթադրենք 2018, 2019, 2020 թվականներին, կասեի՝ դե մարդիկ պրոբլեմ են տեսել, հիմա պետք է այդ պրոբլեմը լուծեն։ Պրոբլեմը տեսնում են, չեն կարողանում կամ չեն ուզում լուծել, սա է իրականությունը»։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ եթե հետևի մամուլի հրապարակումներին, բոլորին պետք է տանի լցնի ԱԱԾ պադվալը, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ ԱԱԾ պադվալ ուղարկելը իր որոշելիքը չէ. «Եթե կա հանցագործություն, գոնե ողջամիտ կասկած, որը բավարար կլինի գործ սկսելու համար, և եթե դա ենթադրում էր խափանման միջոցի ընտրություն ԿԳԲ-ի պատվարում, բա ինչի՞ չի արել։ Ուրեմն չկա այդ ամեն ինչը, կա ընդամենը ֆոն, որպեսզի ինքը կարողանա հասարակությանը դրանով կլանի»։