Նատալյա Ստեփանյանը չի վերականգնվի Երևանի Պուշկինի անվան դպրոցի տնօրենի պաշտոնում

Երևանի Պուշկինի անվան դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանի դիմում–բողոքը չի բավարարվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։

«Դիմողի բողոքը չի բավարարվել, և եզրակացությունը համապատասխան կարգով փոխանցվել է հավակնորդին։ Բոլոր գործընթացները կիրականացվեն ըստ սահմանված կարգի սահմանված ժամկետներում»,– պարզաբանեցին ԿԳՄՍՆ–ից:

Հիշեցնենք, որ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները մայիսի 8–ին դասադուլ էին անում` պահանջելով չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը: Աշակերտների ծնողները ստորագրահավաք էին կազմակերպել։ Միաժամանակ ՀՀ ԿԳՄՍՆ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Ստեփանյանը չի անցել ատեստավորման հարցազրույցի փուլը և սկսել է դրա արդյունքների բողոքարկման գործընթացը։