Պեսկով․ ՌԴ պատվիրակությունը մայիսի 15-ին կլինի Ստամբուլում

Ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին կլինի Ստամբուլում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», - ասել է նա։

Հիշեցնենք` ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները: Երկրի ղեկավարը չէր բացառել, որ բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ:

Վլադիմիր Զելենսկին ի պատասխան կրկին առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնք արդեն անընդունելի էին համարվել Մոսկվայում։ Նա նշել էր, որ Կիևը բանակցությունների սեղանի շուրջ կնստի միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնի մայիսի 12-ից լիակատար հրադադար հաստատել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևի իշխանություններին անհապաղ համաձայնել Թուրքիայում բանակցելու առաջարկին: Նրա խոսքով՝ նման բանակցություններն առնվազն կորոշեն՝ գործարք հնարավոր է, թե ոչ: Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15–ին Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։

Sputnik Արմենիա