Մահացել է աշխարհի ամենաաղքատ նախագահ Խոսե Մուխիկան

Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան։ Այս մասին հայտնել Է Ուրուգվայի գործող առաջնորդ Յամանդու Օրսին։

«Խորը ցավով տեղեկացնում ենք մեր գործընկեր Պեպե Մուխիկայի մահվան մասին: Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ և ղեկավար: Մենք ձեզ շատ կկարոտենք, թանկագին բարեկամ: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ տվել եք մեզ և ձեր ժողովրդի հանդեպ ձեր խորը սիրո համար»,-գրել է Օրսին X սոցիալական ցանցում։

Դեռևս տարեսկզբին Մուխիկան հայտնել էր, որ իր մոտ ախտորոշված կերակրափողի քաղցկեղը բուժման ենթակա չէ և հրաժեշտ էր տվել հայրենակիցներին:

Ուրուգվայի նախկին նախագահը հայտնի էր ամբողջ աշխարհում, նրան հարգում էին ոչ միայն ձախ քաղաքական գործիչները, որոնց թվին, իր իսկ խոսքով, պատկանում էր Մուխիկան, այլև աջ հայացքների տեր մարդիկ: Մուխիկային անվանում էին աշխարհի ամենաաղքատ նախագահ:

Նա միշտ ապրում էր իր գյուղական տանը, նույնիսկ երբ պետության ղեկավարն էր, իր գրեթե ամբողջ աշխատավարձը նվիրաբերում էր բարեգործությանը՝ բավարարվելով դրա մեկ տասներորդ մասով: Մի քանի օրից Մուխիկան կդառնար իննսուն տարեկան։

Sputnik Արմենիա