Թուրքիայում ծնելիությունը 2024-ին հասել է ռեկորդային ցածր ցուցանիշների
Թուրքիայում ծնելիության մակարդակը 2024 թվականին նվազել է մինչև ռեկորդային ցածր ցուցանիշ՝ մեկ կնոջ հաշվով 1,48 երեխա։ Այսպիսին են Վիճակագրության բյուրոյի (TÜIK) տվյալները։
Մասնագետները կարծում են, որ մահացության ցածր մակարդակ ունեցող զարգացած երկրներում բնակչության վերարտադրության համար ծնելիության գործակիցը պետք է կազմի մեկ կնոջ հաշվով 2,1 երեխա:
«2001 թվականին ծնելիության գործակիցը կազմել է 2,38, իսկ 2024 թվականին՝ 1,48 երեխա։ Այս ցուցանիշը բնակչության վերարտադրության համար պահանջվածից ցածր է մնում արդեն ութ տարի»,-հայտնում է Բյուրոն։
Ծնելիության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են երկրի արևելքում, Շանլըուրֆա նահանգում՝ գրեթե 3,3, ինչպես նաև Շըրնակում և Մարդինում: Ամենավատ իրավիճակը Բարտըն և Էսքիշեհիր Նահանգներում է, որտեղ մեկ կնոջը բաժին է ընկնում 1,1 երեխա։
Վիճակագրության համաձայն՝ եթե 2001 թվականին թրքուհիներն իրենց առաջնեկին լույս աշխարհ էին բերում մոտ 27 տարեկանում, ապա 2024 թվականին՝ 29-ից հետո։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ լուրջ մտահոգություն էր հայտնել երկրում ծնելիության մակարդակի նվազման կապակցությամբ: Ժողովրդագրական բարդ իրավիճակի պատճառով Թուրքիայի իշխանությունները 2025 թվականը հայտարարել են ընտանիքի տարի և հայտարարել են ծնելիության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների մասին:
Sputnik Արմենիա