ԵԱՏՄ երկրների համար կհեշտացվի արտահանումը դեպի Ասիա և Աֆրիկա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵԱՏՄ երկրները պլանավորում են ներդնել լիազորված արտահանողների ինստիտուտ, ինչը կհեշտացնի արտաքին տնտեսական գործունեությունը, կդարձնի այն ավելի թափանցիկ, կնվազեցնի բիզնեսի ծախսերը և կարագացնի արտահանման ընթացակարգերը։ Այս մասին@SputnikLive-ին տված հարցազրույցում հայտարարել է Մաքսային իրավաբանների ասոցիացիայի անդամ Օքսանա Կուրոչկինան։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրներում բավականին մեծ թվով արտահանողներ աշխատում են ասիական և աֆրիկյան տարածաշրջանների շուկաների հետ։ Խոսքը սարքավորումների, հումքի, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, քիմիական արդյունաբերության և մեքենաշինության արտահանման մասին է։
Կուրոչկինան նշել է, որ այդ շուկաներում դժվար է աշխատել՝ հաշվի առնելով մրցակցային բարձր մակարդակը։ ԵՏՀ-ն ներկայում ավարտում է ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրերի համաձայնեցումը։ Լիազորված արտահանողի ինստիտուտը թույլ կտա նման կարգավիճակ ստացած ընկերություններին ինքնուրույն որոշել ապրանքների ծագման երկիրը և իրացնել սեփական արտադրանքմ առաջին հերթին այն երկրներում, որոնց հետ ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվել։
Լիազորված արտահանող դառնալու համար անհրաժեշտ է երեք պայման պահպանել.
1. Նախևառաջ, ընկերությունը պետք է այս ուղղությամբ աշխատելու հնարավորություն ունենա, այսինքն՝ նրա անձնակազմում պետք է լինեն մասնագետներ, որոնք կարող են զբաղվել արտաքին տնտեսական գործունեությամբ և որոշել ապրանքների ծագման երկիրը։ Եվ նրանք պետք է ունենան համապատասխան փաստաթղթով հաստատված որակավորում։
2. Ընկերությունն ինքը պետք է արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվելու առնվազն մեկ տարվա փորձ ունենա։
3. Ընկերությունը նախկինում ենթարկված չպետք է լինի վարչական պատասխանատվության մաքսային օրենսդրությունը խախտելու համար։
Եթե բոլոր երեք պայմանները միաժամանակ բավարարված են, ընկերությունը ներառվում է լիազորված արտահանողների գրանցամատյանում և կարող է գործունեություն իրականացնել պարզեցված կարգով։
«ԵԱՏՄ բոլոր երկրները կողմ են այս որոշմանը։ Իհարկե, արտահանողների համար ավելի հեշտ կլինի, քանի որ այսօր արտահանման ժամանակ ծագման երկրի հաստատումը բավականին երկարատև և բարդ ընթացակարգ է։ Մի շարք դեպքերում փորձաքննություններ են պահանջվում։ Դա ժամանակ է խլում, իսկ արտահանողները, բացի այդ, ստիպված են նաև բավականին մեծ ծախսեր կրել», – ընդգծել է Կուրոչկինան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում կպարզեցնեն ներմուծումը երրորդ երկրներից, սակայն առանց ԵԱՏՄ երկրներ վերարտահանման հնարավորության։
Sputnik Արմենիա